Արմեն Սարգսյանի (մականունը` «Գայդ») և Արման Գևորգյանի (մականունը`«Ծիծակ») նախաձեռնած համատեղ բիզնեսը` մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Երևան ներմուծված թանկարժեք մեքենաների գործը, բացահայտնվել է: Մամուլը դա կապում էր ԲՀԿ պատգամավորներից մեկի անվան հետ:
Ըստ քրեական գործի նյութերի` «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանը մեկնելով ԱՄՆ` բնակություն է հաստատել այնտեղ և որոշել լուրջ փողեր աշխատել` «սև գծով» ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաներ ուղարկելով Հայաստան և վաճառելով. նա համոզված է եղել, որ ԱՄՆ-ում գողացված ավտոմեքենաների` Հայաստանում հաշվառման ընթացքում գողության և մաքսանենգության փաստը չի բացահայտվի, քանի որ Հայաստանի իրավապահ մարմինները Ամերիկայում գողացված մեքենաների փաստերի ստուգումները կատարում են Եվրոպայի Ինտերպոլի ունեցած տվյալներով, իսկ ԱՄՆ-ի Ինտերպոլի մարմինները հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ Եվրոպայի Ինտերպոլի մարմիններին տվյալներ չեն տրամադրում:
«Ծիծակը» 2010թ.-ին գալով Երևան` հանդիպել է «Գայդին» և առաջարկել միասին զբաղվել թանկարժեք մեքենաների բիզնեսով. դրանք պետք է ԱՄՆ-ից Հայաստան բերվեին Վրաստանով` մաքսանենգ ճանապարհով. ավտոմեքենաները «Ծիծակը» պետք է ԱՄՆ-ից ուղարկեր Վրաստան, իսկ վրացական սահմանագծում Արմեն Սարգսյանը` «Գայդը», դիմավորեր և կեղծ փաստաթղթերով` Հայաստանի տարբեր քաղաքացիների անվամբ, ներկայացներ մաքսային ձևակերպման և հաշվառման: Այնուհետև թանկարժեք ավտոմեքենաները «Գայդը» պետք է վաճառեր և գումարը տար «Ծիծակին»` ի տնօրինություն:
Պայմանավորվածության համաձայն` նրանք անցել են գործի: 2010թ. նոյեմբերից մինչև 2011 թ. մարտ ամիսը ԱՄՆ-ում վարկային միջոցներով, հիմնականում` ազգությամբ հայ քաղաքացիների, այդ թվում` Հայաստանի քաղաքացի Սամվել Էլֆիկի Ստեփանյանի անվամբ ձևակերպվել են 24 ավտոմեքենաներ ստանալու վերաբերյալ փաստաթղթեր, որից հետո տարբեր ընկերությունների կողմից դրանք տրամադրվել են տվյալ անձանց` սահմանված ժամանակացույցով վարկային գումարները մարելու և առանց պատշաճ թույլտվության ԱՄՆ-ից չարտահանելու նախապայմանով: Այդ ժամանակահատվածում Հայաստանում գործի է անցել նաև Արմեն Սարգսյանը. վերջինս Երևանում ձեռք է բերել ՀՀ քաղաքացիներ` Զոհրաբ Թարվերդյանի, Կարեն Մխիթարյանի, Էրիկ Ներսիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Սերոբ Դավթյանի, Մանուկ Պողոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Անդրեյ Ժուչյոնկովի, Սեդրակ Հովհաննիսյանի և Օնիկ Հովհաննիսյանի անձնագրերի լուսապատճենները և ուղարկել ԱՄՆ` Արման Գևորգյանին, որպեսզի ավտոմեքենաների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման անհրաժեշտ կեղծ փաստաթղթերը կազմվեն նրանց անուններով: Բայց քանի որ վերոնշյալ մեքենաները ԱՄՆ-ից արտահանելու արգելք կար, ԱՄՆ Նյու Յորք նավահանգստում դրանք փաստաթղթավորվել են այլ ավտոմեքենաների անվան տակ, որոնց արտահանման հետ կապված նման սահմանափակումներ չեն եղել:
Թանկարժեք փոխադրամիջոցները տեղավորվել են 9 կոնտեյներներում և 2010-ի վերջերից մինչև 2011թ. մարտ ամիսը նավով առաքվել Վրաստան, այնտեղից էլ «Կավկաստրանս Էքսպրես» տրանսպորտային ընկերության միջոցով հասել Հայաստան: «Գայդը», նախապես ճշտելով կոնտեյներների տեղ հասնելու օրն ու ժամը, եկել է Բագրատաշենի մաքսակետ` ապրանքը վերցնելու: Իր մոտ ունենալով այդ ավտոմեքենաների վերաբերյալ իրական տվյալներով կազմված, սակայն կեղծ արտահանման տեխնիկական անձնագրեր, հաշիվ-ապրանքագրեր և հաշիվ-բեռնագրեր` մաքսակետում դիմավորել է բեռնատարների վարորդներին, ԱՄՆ-ում և Վրաստանի տարածքում օգտագործված այլ ավտոմեքենաների տվյալներով կեղծ փաստաթղթերը փոխարինել է կոնտեյներներում փաստացի առկա ավտոմեքենաների տվյալներով կազմված, սակայն վերոհիշյալ կեղծ փաստաթղթերով, և դրանք տրամադրել մաքսավորներին` ավտոմեքենաների մուտքը Հայաստան ձևակերպելու և հետագայում մաքսազերծելու համար:
Այդ 24 ավտոմեքենաներից առաջին երկուսը 2010թ. նոյեմբերին ԱՄՆ-ից Հայաստան են առաքվել իրական տվյալներով, իսկ մնացած 22-ը փաստաթղթավորվել և առաքվել են այլ ավտոմեքենաների անվամբ, սակայն արդեն Հայաստանում ընդհանուր 548 մլն 350.000 դրամ արժողության 24 ավտոմեքենաները մաքսային ձևակերպման են ներկայացվել մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով: Այդ ավտոմեքենաներից միայն 4-ն են հայտնաբերվել մաքսանենգության փորձ կատարելիս. Բագրատաշենի մաքսակետում` մինչև մաքսազերծման ներկայացնելը, 3 ավտոմեքենաների համար կազմվել են փոխադրման ամփոփագրեր, դրանք Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել են Երևան, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը չեն մաքսազերծվել, քանի որ հանցագործության փաստը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից: Մնացած 17 ավտոմեքենաները մաքսազերծվել և հաշվառվել են: 24 ավտոմեքենաներից նախաքննության ընթացքում հայտնաբերվել է 18-ը, իսկ 90 մլն 600.000 դրամ շուկայական արժեքով 6 ավտոմեքենաներն առ այսօր չեն հայտնաբերվել:
Ըստ քրեական գործի նյութերի` նկարագրված մեխանիզմով Արման Գևորգյանը կազմակերպել է, իսկ Արմեն Սարգսյանը` Էրիկ Ներսիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Սերոբ Դավթյանի, Անդրեյ Ժուչյոնկովի, Սեդրակ Հովհաննիսյանի և Օնիկ Հովհաննիսյանի միջոցով, օժանդակել է այդ մեքենաները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելուն:
Գողացված մեքենան նույնիսկ Ղրղըզստանի դեսպանատան վրա են վաճառել
Հայաստանի քաղաքացի Էրիկ Ներսիսյանի անվամբ Հայաստան առաքված` 2009թ. արտադրության «NISSAN» մակնիշի 12.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան առուվաճառքի պայմանագրով 1.000.000 դրամով նրանից գնել է Գ. Մեխակյանը, ում անվամբ այն հաշվառված է 20 NN 888 պ/հ-ով: «AUDI Q 7» մակնիշի 2009թ. արտադրության 21.375.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 7.000.000 դրամով գնել է Վ. Կարապետյանը, ում անվամբ այն հաշվառված է 41 VV 444 Հայաստանի քաղաքացի Գևորգ Հովհաննիսյանի անվամբ առաքված «PORSHE PANAMERA» մակնիշի 2010թ. արտադրության 46.875.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան ՀՀ-ում Ղրղըզստանի դեսպանությունը փաստացի ձեռք է բերել 95.000 ԱՄՆ դոլարով, սակայն մաքսային ձևակերպումների ընթացքում այն հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: «VOLKSWAGEN CC» մակնիշի 2010թ. արտադրության 14.500.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան ներկայում հաշվառված է Գևորգ Հովհաննիսյանի անվամբ, ունի 27 SO 840 պ/հ-ն (27 թիվը հիմնականում Մասիսի շրջանում հաշվառված մեքենաների կոդն է), սակայն իրականում թե ում է վաճառվել` չի պարզվել, և այն չի հայտնաբերվել:«LEXUS» LS 460 մակնիշի 2008թ. արտադրության 26.625.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 2.000.000 դրամով Ս. Աթաբեկյանից գնել է Ն. Հայրապետյանը, ում անվամբ այն հաշվառված է 08 TT 888 պ/հ-ով:
ՀՀ քաղաքացի Արսեն Խաչատրյանի անվամբ առաքված «RANGE ROVER SPORT» մակնիշի 2008թ. արտադրության 22.500.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 1.000.000 դրամով գնել է Վ. Օհանջանյանը, ում անվամբ ներկայումս այն հաշվառված է 26 UO488 պ/հ-ով: «RANGE ROVER SPORT» մակնիշի 2007թ. արտադրության 20.700.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան մաքսազերծվելուց հետո ՀՀ ոստիկանությունում չի հաշվառվել և չի հայտնաբերվել:
ՀՀ քաղաքացի Անդրեյ Ժուչյոնկովի անվամբ առաքված «VOLKSWAGEN» մակնիշի 2010թ. արտադրության 22.500.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 1.000.000 դրամով Անդրեյ Ժուչյոնկովից գնել է Մ. Հարությունյանը, ում անվամբ ներկայումս այն հաշվառված է 50 SS 001 պ/հ-ով: «SAAB» մակնիշի 2010թ. արտադրության 18.750.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 1.000.000 դրամով գնել է Ա. Հարությունյանը, ում անվամբ ներկայումս այն հաշվառված է 50 TL 001 պ/հ-ով: «VOLVO» մակնիշի 2007թ. արտադրության 13.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 1.000.000 դրամով գնել է Վ. Դիլանյանը, ում անվամբ այն հաշվառված է 27 ST 777պ/հ-ով:
ՀՀ քաղաքացի Սերոբ Դավթյանի անվամբ առաքված «VOLKSWAGEN PASSAT CC» 2010թ. արտադրության 15.750.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 19.500.000 դրամով գնել է Ս. Վարդանյանը, ում անվամբ այն ներկայումս հաշվառված է 17 TT 007պ/հ-ով: «ACURA ZDX» մակնիշի 2010թ. արտադրության 20.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան հաշվառված է Սերոբ Դավթյանի անվամբ, ներկայումս այն ունի 25 OO 849 պ/հ-ն, իսկ թե ում է վաճառվել և ում մոտ է գտնվում` չի պարզվել: «MINI COOPER S 1.6T» մակնիշի 7.700.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան հաշվառված է Սերոբ Դավթյանի անվամբ, ներկայումս այն ունի 25 OO 848 պ/հ-ն, թե ում է վաճառվել ավտոմեքենան և ում մոտ է գտնվում` չի պարզվել:
ՀՀ քաղաքացի Օնիկ Հովհաննիսյանի անվամբ առաքված «VOLKSWAGEN TOUAREG» 2008թ. արտադրության 18.375.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 2.000.000 դրամով գնել է Մ. Մանուկյանը, ում անվամբ այն ներկայումս հաշվառված է 24 UO 842 պ/հ-ով: «MERCEDES BENZ E 350» մակնիշի 2007թ. արտադրության 13.125.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան 7.000.000 դրամով գնել է Ա. Էլմասյանը, ում անվամբ այն ներկայումս հաշվառված է 10 OV 100 պ/հ-ով: «MINI COOPER S» մակնիշի 2010թ. արտադրության 7.700.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան հաշվառված է Օնիկ Հովհաննիսյանի անվամբ, ներկայումս այն ունի 25 OO 954 պ/հ-ն, ավտոմեքենան դեռևս չի հայտնաբերվել:
ՀՀ քաղաքացի Սեդրակ Հովհաննիսյանի անվամբ առաքված «BMW 750 Ll» մակնիշի 2011թ. արտադրության 45.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան ՀՀ է տեղափոխվել իբր 42.000 ԱՄՆ դոլարով, Ս. Հովհաննիսյանի անվամբ ներկայումս հաշվառված է 24 LO 920 պ/հ-ով, սակայն իրականում այն գնել է Ա. Աղաջանյանը` 95.000 ԱՄՆ դոլարով: «LEXUS» մակնիշի 2010թ. արտադրության 34.875.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան չի մաքսազերծվել և հաշվառվել, այն հայտնաբերվել է ԿԱ ՊԵԿ ԳՏՄ Բագրատաշենի մաքսակետի տարածքում: «PORSH» մակնիշի 2011թ. արտադրության 46.125.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան չի մաքսազերծվել և հաշվառվել, այն ևս հայտնաբերվել է մաքսակետում:
ՀՀ քաղաքացի Ռոբերտ Հովհաննիսյանի անվամբ առաքված «PORSHE CAYENNE» մակնիշի 2008թ. արտադրության 29.625.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան մուտք է արվել Կ. Մխիթարյանի անվամբ, այնուհետև ձևակերպվել է վերաարտահանում և կրկին մուտք արվել Հ. Մկրտչյանի անվամբ. ներկայումս այն հաշվառված է վերջինիս անվամբ` 24 UU 395 պ/հ-ով: «CADILLAC» մակնիշի 2011թ. արտադրության 33.750.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան չի մաքսազերծվել և հաշվառվել, այն հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսակետում:
ՀՀ քաղաքացի Մանուկ Պողոսյանի անվամբ առաքված «VOLKSWAGEN» մակնիշի 2010թ. արտադրության 15.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան հայտնաբերվել է փոխադրման ամփոփագրով Բագրատաշենի մաքսակետից Երևան տեղափոխելուց հետո, այն չի մաքսազերծվել և հաշվառվել: «BMW X5» մակնիշի 2009թ.արտադրության 20.000.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան ևս Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել է Երևան` մաքսազերծման համար, սակայն այն չի մաքսազերծվել, հաշվառվել և հայտնաբերվել: «VOLKSWAGEN» մակնիշի 2010թ. արտադրության 22.500.000 դրամ շուկայական արժեքով ավտոմեքենան չի մաքսազերծվել և հաշվառվել, այն հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսակետում:
Որպես մեղադրյալ ներգրավված 8 անձանցից 3-ը` Երևանի բնակիչ Արմեն Սարգսյանը` «Գայդը», Արտաշատի բնակիչներ Օնիկ Սուրենի Հովհաննիսյանը, Սեդրակ Կարապետի Հովհաննիսյանը կալանավորված են, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատաքննությունն արդեն սկսված է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում, և 2012-ին այն կմտնի հետաքրքիր փուլ:
Այս գործը կապ չունի՞ ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի հետ
Ի դեպ, հետաքրքիր է, որ նախաքննական մարմինը չի հայտնաբերել հափշտակված մեքենաներից մի քանիսը, քանի որ ամբաստանյալ Օնիկ Հովհաննիսյանը Աշտարակի նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) օգնականն է, որը 2009-ի հոկտեմբերի սկզբներին ներկա էր Կարոյի և Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի միջև պարտքի և գողացված մեքենաների շուրջ ծագած դեպքին և ինչ-որ կարգավիճակով անցնում է այդ դեպքով հարուցված քրգործով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, ըստ ոստիկանության հաղորդագրության` առավոտյան ժ.11-ի սահմաններում, պատգամավոր Կարապետյանն իր անձնական «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Ա. Զադոյանը ավտոմեքենայի բանալիով հարվածել էր Կ. Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Սակայն 2011-ի մայիսին կալանավորեցին վարորդ Օնիկ Հովհաննիսյանին: ԱԱԾ-ն վերջինիս կասկածում էր մաքսանենգության մեջ: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև, որ այդ պատմության հետ կապ ունի նաև պատգամավորի եղբայրը` Մասիսի ՄՌՈ-ի նախկին պետ Սիմոն Կարապետյանը, որը խոշոր գումար էր վերցրել ինչ-որ մեկի գողացված ավտոմեքենաները օրինականացնելու համար, բայց քանի որ փողերը համարակալված և հատուկ նյութերով մշակված էին` Սիմոն Կարապետյանը «վառվել» էր: Պատգամավորը, սակայն, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հերքել էր իր օգնականին և եղբորը վերագրվող արարքները և նշել, որ ինքը գողացված մեքենաներ չունի` ինչպես շրջանառվում էր մամուլում: Իսկ վերոնշյալ քրեական գործով անցնող մեղադրյալ Արմեն Սարգսյանի` «Գայդի» անունը դվինցի Արթուր Զադոյանի հետ կապված միջադեպում հիշատակվում էր որպես Կարո Կարապետյանի` մեքենաներից լավ հասկացող անձի, որը Կարոյի հետ պետք է գնար Էջմիածին` գողացված մեքենան տեսնելու և երաշխավորելու, որպեսզի Կարո Կարապետյանն այն գնի: Բայց քանի որ գնվող մեքենայի գումարը Կարոն չէր վերցրել, Արթուրը հասկացել էր` եթե հիմա փողը նա չտա, հետո չի տալու, և ինքը ամոթով է մնալու ընկերոջ հոր մոտ, ումից պետք է մեքենան գնեին, և հրաժարվել էր գնալ Էջմիածին: Այդ պատճառով էլ նրանց միջև վեճ էր ծագել, ինչն ավարտվել էր կրակոցներով:
Դեռևս Օնիկ Հովհաննիսյանին կալանավորելու ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Կարոն այս անգամ չի կարող փրկել ամեն ինչ իր վրա վերցնող Օնիկին, իսկ եղբորը` Սիմոնին, հասցրել էր թռցնել Եվրոպա:
Պարզվեց` իսկապես թռցրել էր, բայց պատգամավորը նշել էր, թե նա առողջական խնդիրների պատճառով է մեկնել, իսկ քրեական գործում նրա անունը չկար մեղադրյալների ցուցակում: Ասում էին նաև, որ շուտով «Ծիծակին» էլ կթռցնի, բայց… փաստորեն նրան էլ են Օնիկի հետ դատում: Ի դեպ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանը նախկինում աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում:
Վերջաբանի փոխարեն. թե իրականում ով կապ ունի այս հանցագործության հետ, ով` ոչ, ով է ջրից չոր դուրս եկել, ով` մնացել «ջրում»` թող ընթերցողը որոշի… պ/հ-ով:










































