«Առաջին լրատվական»-ը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խնդրեց ներկայացնել այս տարվա գլխավոր բացթողումները, ինչպես նաև ձեռքբերումները:
Պետրոս Մակեյանը սկսեց տնտեսական ոլորտից. «Վարչապետի գլխավորությամբ մեր երկրի տնտեսական ոլորտը ենթարկվեց ֆիասկոյի, և ինչպես միշտ` այս ռեժիմը փորձում է ճոռոմ-ճոռոմ ճառերով լրացնել իր բացթողումները: Դա զգացվում է մեր հասարակության կենսակերպի, նաև` արտագաղթի վրա, և որ ամենակարևորն է` գների շուկան դիտարկելիս տեսնում ենք, որ անգամ իրենց չեն կարողանում վերահսկել, որպեսզի մեղմացնեն անսահման հարստություն կուտակելու իրենց նկրտումները:
Բնականաբար, այս ամենը հետևանք է այն իշխանության, որը փաստորեն ձևավորվել է առանց ժողովրդի մասնակցության: Կրիմինալ բուրգը ձևավորել է իշխանությունը, և, բնականաբար, ժողովուրդը ստանում է այն, ինչ պետք է ստանար նման իշխանության պարագայում»:
Անդրադառնալով դրական ձեռքբերումներին` Պետրոս Մակեյանը նշեց. «Այս ամենով հանդերձ` այս տարի պարբերաբար նկատելի էին դրական որոշակի միտումներ` որոշակի էպիզոդներով, հատկապես գարնանը, երբ մենք ականատես դարձանք հասարակության պոռթկմանը, որը Արաբական աշխարհում տեղի ունեցածի հոգեբանական ազդեցությունն էր մեր հանրության վրա:
Բայց, ցավոք, արդյունքը չարձանագրվեց, և այսօր շարունակում ենք տարին բոլորել նորից 14 տարվա ռեժիմի տիրապետության ներքո: Մենք պետք է վստահեցնենք մեր հասարակությանը, որ 2012 թվականը կլինի իրական բեկումնային տարի, և հասարակությունը կդառնա գործոն, կորոշի իր ճակատագիրը, և քաղաքական գործիչները հաջորդ տարին ամփոփելիս կհասկանան, որ խնդիր ունեն արդեն ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հետ»:
Պարոն Մակեյանն օգտվելով առիթից` շնորհավորեց մեր հասարակության Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով համբերություն և պայքարի կորով:










































