Ամանորին չկան ինչ-որ հատուկ տրենդներ` կապված նորաձևության հետ: Նորաձևության մեջ կա աշուն-ձմեռ տրենդը: Եվ եթե ձեզ կասեն` Ամանորին պետք է կրել սև հագուստ, որովհետև դա է խորհուրդ տալիս Սև վիշապի տարին, ապա դա ավելի շատ աստղագուշակների կարծիքն է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դիզայներ Ֆաինա Հարությունյանը:
Նրա խոսքով` ամանորյա հագուստ ընտրելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել նրանով, թե որտեղ է տվյալ մարդը ցանկանում դիմավորել Ամանորը` տա՞նը, ռեստորանո՞ւմ, թե՞ ակումբում: Բացի այդ, ցանկալի է օգտագործել տրենդային գույներ` կարմիր, սև, զմրուխտագույն:
«Չպետք է մոռանալ նաև սև, փոքրիկ զգեստի մասին: Ցանկալի է կրել ոսկյա զարդեր: Ոսկեգույնը դարձյալ նորաձև է»,- ասաց դիզայները` ընդգծելով, որ թեև աստղագուշակները խորհուրդ են տալիս կրել, օրինակ` կարմիր գույնի զգեստներ, սակայն դա չի նշանակում, որ պետք է կրել կարմիր գույնը ու մտածել, թե դա եկող տարի հաջողություն կբերի իրեն:
«Կարող է կարմիր էլեմենտ լինել հագուստում, եթե որոշել եք անպայման այդ գույնը կրել»,- նշեց նա` հավելելով, որ հագուստ ընտրելիս ինքն առաջնորդվում է նրանով, թե ուր է գնում ու թե ինչ է ակնկալում ստանալ տվյալ հանդիպումից` բնավ ուշադրություն չդարձնելով գույների ընտրությանը, քանի որ սովորաբար նորաձև է ոչ թե մեկ, այլ մի քանի գույն:
«Այս տարի նորաձև են կաշվե իրերը, մորթիները …Այնքան բան կա նորաձև: Չպետք է մոռանալ այն մասին, որ նորաձևությունը նախևառաջ ազատություն է: Այդ իսկ պատճառով պետք է լինել ազատ ու հաճույք ստանալ կրած հագուստից»,- հավելեց դիզայները:









































