Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանի երկաթուղային տրանսպորտի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Մոհամեդ Սադաթ Հոսեյնին հայտարարել է, որ Իրանը զարգացնում է իր երկաթուղային տրանսպորտը և ավելացնում տրանսպորտային փոխադրումներում դրա դերը:
«Դա ոչ միայն նպաստելու է տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի զգալիորեն կրճատել վառելիքի ծախսը։ Տրանսպորտի զարգացվածության մակարդակն ի ցույց է դնում երկրի ընդհանուր զարգացվածության աստիճանը։ Բացի այդ, երկաթուղային տրանսպորտն առավել անվտանգ է, երկաթգծերի համար պահանջվող վառելիքը 8 անգամ զիջում է տրանսպորտային մյուս միջոցներին։
Ներկայումս Իրանում ընթանում է 9800 կիլոմետր ընդհանուր երկարությամբ նոր երկաթգծերի կառուցումը։ Բեռնատար և մարդատար փոխադրումների մեջ երկաթուղային տրանսպորտի մասնաբաժինը կազմում է մոտ 10 տոկոս։ Երկրի զարգացման քսանամյա (2005-2025) պլանով նախատեսված է բեռների փոխադրման մեջ այդ ցուցանիշը հասցնել մինչև 30 տոկոսի, իսկ ուղևորատար փոխադրումներում՝ մինչև 18 տոկոսի։ Ներկայումս Իրանն իրագործում է 43 երկաթուղային նախագիծ»։







































