Այսօր «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բազմամարդ ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջև` ի պաշտպանություն Քաջարան գյուղի:
Հիշեցնենք, որ կառավարության 627 որոշման համաձայն` Սյունիքի մարզի 6 գյուղերի հողերը, այդ թվում` Քաջարան գյուղի ամբողջ տարածքը, պետք է օտարվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու նպատակով:
Ակցիային են միացել բնապահպանական և հասարակական կազմակերպություններ, առանձին կուսակցության անդամներ: Կառավարության շենքի բակը գրավել են թռչկանցիները և երգում են ազգագրական երգեր` ի պաշտպանություն Քաջարան գյուղի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան Մարիամ Սուխուդյանը տեղեկացրեց` պետք է անվավեր ճանաչել կառավարության 627 որոշումը: Նա նաև տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են նախագահի նստավայր:
Այս պահին ակցիային են միացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, «Սարդարապատ» նախաձեռնության բոլոր անդամները, թմբկահարներ և հեծանվորդներ:
Երիտասարդները կառավարության բակում «Քաջարան, Քաջարան» վանկարկումներով և թմբուկներով այս տարվա կառավարության վերջին նիստի մասնակից անդամներից պահանջում են անվավեր ճանաչել 627 որոշումը:
«Առաջ լրատվական»-ը զրուցեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ: Վերջինս նշեց, որ իր գյուղի հարյուրավոր բնակիչներ չեն լքելու իրենց տարածքը:
Այս պահին ակցիան շարունակվում է` համալրվելով նորանոր անդամներով:








































