Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-25-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացել է «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հրավիրված խորհրդաժողովը` նվիրված կիրակնօրյա դպրոցներում կիրառվող Պատանիների Աստվածաշնչյան Դասընթացի ծրագրի գնահատմանը: Հիշյալ ծրագրի շրջանակներում է պատրաստվել կիրակնօրյա դպրոցներում գործածվող ծրագրային միակ դասագիրքը, որի միջոցով երեխաները, պատանիներն ու երիտասարդները ճանաչում են Աստծուն, սովորում աստվածաշնչյան պատմություններն ու պատգամները, կարգավորում իրենց հոգևոր կյանքը` որպես Եկեղեցու լիարժեք հավատացյալ:
Հայաստանից ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցակական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Խորհրդաժողովին մասնակցել են հոգևորական ու աշխարհական ներկայացուցիչներ նաև Ռումինիայից, Ալբանիայից, Սերբիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Լիբանանից, Վրաստանից, որտեղ իրականացվում է հիշյալ ծրագիրը:
Ժողովին քննարկվել են «Վորլդ Վիժըն» կազմակերպության կողմից հիշյալ երկրներում կատարված գնահատման արդյունքները ծրագրի ունեցած ազդեցության վերաբերյալ` ըստ որակական ու քանակական վիճակագրության` որոշելու ծրագրի հետագա ընթացքը և որդեգրելու շարունակականությունն ապահովելու նպատակով նոր ռազմավարություն:





































