Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիան տվել է ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ իր թույլտվությունը: Այդ գազատարը Ռուսաստանի սևծովյան հատվածից ծովի հատակով հասնելու է Թուրքիայի տարածքային ջրեր, որտեղից էլ՝ դեպի Եվրոպա։
«Հարավային հոսք»-ի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ Անկարայում «Գազպրոմ»-ի ղեկավարության և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվելու է այսօր Մոսկվայում։
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազատարը միտված է Ուկրաինայի ու Բելառուսի տարածքների շրջանցմանը, և 2015 թվականից այդ գազատարով Ռուսաստանը Եվրոպային տարեկան մատակարարելու է 63 միլիարդ խորանարդ մետր գազ։
Նախագիծը գնահատվում է 15.5 միլիարդ եվրո։ Նախագծում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը կազմում է 50 տոկոս, մյուս կեսը բաժին է ընկնում իտալական Eni (20 տոկոս), ֆրանսիական EDF (15 տոկոս) և գերմանական Wintershall (15 տոկոս) ընկերություններին։









































