«Իբրև սունդուկյանցի՝ մի քիչ տխրամած եմ: Այս տարի էլ գեղարվեստական ղեկավար չունենցանք մենք, և մեր նավը ծանծաղուտում է, անղեկ». այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով անցնող տարին ու խոսելով ձեռքբերումների մասին, ասաց դերասան Ազատ Գասպարյանը:
Նրա խոսքով` ամենակարևոր շփումը հանդիսատեսի հետ գալիս է թատրոնից, սակայն այդ շփումը, ցավոք, չկա:
«Բայց, այսքանով հանդերձ, ներկայացումներ կան մայրաքաղաքի թատրոններում, շրջանային թատրոններում, սակայն դա քիչ է շատ: Այսօր խնդրեմ, պատկերն այնպիսին է, որ թատրոնը մի քիչ ուշանում է»,- ասաց դերասանը` ցանկություն հայտնելով, որ թատրոնն ամենաակտիվը լինի:
«Թատրոն ասվածը շատ վտանգավոր է: Վտանգավոր է, քանի որ բոլոր հեղափոխությունները թատրոններից են սկսվել, կարևորն էլ այն է, որ դաստիարակվում ենք, սիրահարվում ենք, ապրում ենք թատրոնում ու թատրոնով»,- ասաց դերասանը` տարակուսանք հայտնելով, թե ինչու էին «այն անաստված երկրում» (նկատի ունի ԽՍՀՄ-ը.- 1in.am) թատրոնն ու մյուս արվեստներն այդքան ծաղկում, իսկ այս աստվածընտրյալ երկրում հետ են մղվել:
«Էսքան եկեղեցի ենք կառուցում, բայց նորից արվեստը… Չեմ հասկանում»,- տարակուսանք հայտնեց Ա. Գասպարյանը։









































