Երեկ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայից դուրս է գրվել օրեր առաջ ենթասպայի բռնարարքի հետևանքով աչքից զրկված Նարեկ Ավետիսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Նարեկ Ավետիսյանի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը:
Ըստ Ա. Ավետիսյանի` նա պետք է դուրս գրվեր դեկտեմբերի 28-ին, բայց դուրս գրվեց երեկ, քանի որ բժիշկը նպատակահարմար գտավ, որ այլևս հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա: «Համարյա ամեն օր լինելու է բժիշկների հսկողության տակ: Վիրակապը դեռ չեն հանել աչքից, սակայն կարերը քանդված են, գլխավոր բժիշկն ասաց, որ գնանք և օրը մեջ այցելենք հիվանդանոց»,- նշեց Նարեկի հայրը`հավելելով, որ տղան բժիշկների հսկողության տակ պետք է մնա դեռ երկու ամիս:
Անդրանիկ Ավետիսյանը նաև ասաց, որ շարունակելու է պայքարել, որպեսզի որդուն մեկ աչքից զրկած ենթասպան ստանա համապատասխան պատիժ: Նրա կարծիքով`2-5 տարի ազատազրկումը շատ քիչ ժամանակահատված է: «Պայքարելու եմ այդ ենթասպայի դեմ մինչև վերջ»,- ամփոփեց Ա. Ավետիսյանը:
Նշենք, որ ենթասպա Արմեն Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Այն սահմանում է պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը, պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածության կամ խմբակային շահերից ելնելով: Այս հոդվածով մեղադրվողները ազատազրկվում են 2-5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում բացվել է նախաձեռնություն` «Ամանորյա նվեր` Նարեկին», որի միջոցով ցանկացողները գումար կփոխանցեն Նարեկի համար ամանորյա նվեր պատրաստելու համար:








































