Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան սկսել է վճարել Սիրիայի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Խոսքն այն մասին է, որ թուրք-սիրիական հարաբերություններում առկա լարվածության պատճառով Պարսից ծոցի երկրների հետ առևտուր անող թուրքական բեռնատարները ստիպված են շրջանցել Սիրիայի տարածքը՝ այն փոխարինելով Իրաքով։
Սակայն Իրաքը հրաժարվում է թույլատրել Հորդանանից եկող թուրքական բեռնատարների մուտքն իր տարածք։ Այս կապակցությամբ թուրքական կողմը շարունակ ճնշումներ է բանեցնում Իրաքի ղեկավարության վրա։ Վերջինս ընդգծում է, որ իր այդ որոշումը կրում է ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթ։
Նշվում է, որ Թուրքիան տարեկան Սիրիայի տարածքով Պարսից ծոցի երկրներ էր արտահանում 2 միլիարդ դոլարի ապրանքներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, թե Թուրքիան որևէ խնդիր չունի Սիրիայի տարանցիկ դերից հրաժարվելու հարցում, քանի որ, բացի ծովային ճանապարհից, Թուրքիան ցամաքային ճանապարհների պարագայում կարող է Սիրիան փոխարինել Իրաքով։









































