Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Եվրամիության հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը քննադատել է Ֆրանսիային՝ կապված երկրի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ։
Բաղըշը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նմանեցրել է «Պինոքիոյի» հետ՝ հավելելով, որ մի շարք ֆրանսիացի քաղաքական գործիչներ «կտրում են» այն ճյուղը, որի վրա նստած են։
Բացի այդ, Բաղըշն իր քաղաքացիներին կոչ է արել արձագանքել այդ օրինագծին՝ ֆրանսիական ապրանքների գնումից հրաժարվելու տեսքով. «Մենք արդեն իսկ դրան ականատես ենք եղել Իտալիայում, երբ մարդիկ փողոցներում գինին թափում էին գետնին և հագուստ այրում։ Դրա համար անհրաժեշտ չէ վերևից եկած հրաման։ Այդպիսի որոշում պետք է կայացնեն իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները»։








































