Լիբանանը երկու շաբաթ առաջ Սիրիային նախազգուշացրել էր երկրի տարածք ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման զինյալների ներթափանցման մասին: Այս մասին հայտնում է Rauters գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսիին:
«Լիբանանի իշխանությունները երկու շաբաթ առաջ մեզ նախազգուշացրել էին, որ «Ալ-Քաիդայի» ջոկատը Սիրիա է ներթափանցել Լիբանանի Արսալ քաղաքից»,- գործակալությանը էլեկտրոնային նամակով հայտնել է Մաքդեսին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսում` Պետական անվտանգության գլխավոր վարչության գրասենյակում և ռազմական հետախուզության շենքում:
Համաձայն պետական հեռուստաալիքի տարածած տեղեկության՝ պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները: Ահաբեկչության պատասխանատվությունը դրվում է «Ալ-Քաիդա» խմբավորման վրա: Վերջին տեղեկություններով, պայթյունների հետևանքով զոհվել է 40, վիրավորվել 100 մարդ:










































