ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գլորիա Ֆուդ Կո» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. հոկտեմբերին դուրս գրված ժամկետանց ապրանքների ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու դիտավորությամբ այդ ամսվա համար հարկային մարմնին ԱԱՀ հաշվարկ չի ներկայացրել:
Ըստ այդմ խախտվել է «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 4 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:








































