Աստղագետները տիեզերքում հայտնաբերել են համակարգ, որը կազմված է կարմիր հսկայից և մահացող աստղի շուրջ պտտվող երկու մոլորակից, որոնք իրենց չափերով հավասար են Յուպիտերին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ իրավիճակը ճշգրտորեն վերարտադրում է Երկրի ապագան 5 միլիարդ տարի հետո, երբ Արեգակը ոչնչացնելու է մեր մոլորակը:
Այս բացահայտումը պատկանում է Թուլուզի, Մոնրեալի և Արիզոնայի աստղագետներին: Նրանք այն հայտնագործել են պատահաբար. գիտնականները հետազոտել են առկայծող աստղերի նկարները, որոնք արվել են NASA-ի «Կեպլեր» տիեզերական աստղադիտակով:
Երկնային մարմինները, որոնք ստացել են KOI 55.01 և KOI 55.02 անվանումները, պտտվում են կարմիր հսկային շատ մոտ հեռավորությամբ: Կարմիր հսկան Երկրից գտնվում է 4 հազար լուսային տարվա հեռավորության վրա:
Այդ փքված աստղը արդեն վերացրել է մոլորակի արտաքին շերտերը, մթնոլորտը և մակերեսը: Ներկայումս երկու երկնային մարմիններից մնացել է միայն շիկացած առանցքը:
Նշենք, որ նման ճակատագիր է սպասվում նաև Երկրին: Արեգակը, սպառելով ջրածնի պաշարները, դառնալու է կարմիր հսկա և փքվելու է` հասնելով Երկրի սահմաններին, և ամենայն հավանականությամբ, վերացնելու է մեր մոլորակն ամբողջությամբ: Այդ կերպ, աստղագետներին հաջողվել է տեսնել Երկրի ապագան երկու երկնային մարմինների օրինակով:









































