Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ընդունել է Թուրքիա այցելած Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Հանդիպումից հետո հրավիրվելու է մամլո ասուլիս։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար Թուրքիան շատ կարևոր երկիր է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների զարգացման, այլև դեպի Մերձավոր Արևելք բեռներ փոխադրելու տեսանկյունից.
«Թուրքիան կատարյալ կամուրջ է մի կողմից Ուկրաինայի և մյուս կողմից էլ Մերձավոր Արևելքի ու արաբական երկրների միջև։ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է Թուրքիայի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը։
Գնալով աճում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը։ Այս տարվա առաջին 10 ամիսներին այն կազմել է 4 միլիարդ դոլար, որից 3 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ուկրաինական արտահանմանը։ Այս տարի ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 5 միլիարդ դոլարի։ Թուրքիան ուկրաինական արտահանման հարցում Ռուսաստանից հետո երկրորդ երկիրն է»։









































