Պետական կառույցները դժվարությամբ են հարմարվում բանակի վերաբերյալ սոցիալական ցանցում եղած իրական տեղեկատվությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը`անդրադառնալով համացանցի` բանակում տեղի ունեցող դեպքերի արձագանքներին: Ըստ նրա` յուրաքանչյուր միջադեպ լուրջ արձագանք է ստանում:
«Սա շատ հետաքրքիր օրինակ է, թե ինչպես կարելի է պարզապես լուսաբանման միջոցով խնդրին տալ հանրային կշիռ»,- մեկնաբանեց փորձագետը: Նա նաև չբացառեց, որ բանակում խնդիրներ կան, սակայն, նրա համոզմամբ, ոմանք դա շահարկում են:
«Կան նաև կուսակցական շահեր, և իմ կարծիքով` մեր պետական կառույցները դժվարությամբ են հարմարվում այն բանին, որ պետք է գործել շատ արագ, քանզի 15-20 րոպեում լուրը տարածվում է համացանցում»,- նշեց Կ. Վրթանեսյանը:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում քաղաքական գործընթացներին` նա տեղեկացրեց, որ որոշ կուսակցություններ շատ ակտիվ են ` ինչպես, օրինակ, ՀԱԿ-ը: «Հարավկովկասյան հանրապետությունները ավելի ակտիվ են «Ֆեյսբուք»-ում: Ադրբեջանական կողմը ակտիվորեն օգտագործում է իր ռեսուրսները քարոզչության նպատակով: Նրանք շատ հաճախ խախտում են օրենքները և այլատյացություն քարոզում»,- ասաց Կ. Վրթանեսյանը`հավելելով, որ հայ-ադրբեջանական պայքարը տեղափոխվում է «Ֆեյսբուք»:




































