ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում դեկտեմբերի 21-ին կազմակերպված քննարկմանը ներկայացվել է «Սոցիալական միասնությունը Հայաստանում-2011թ.» ուսումնասիրությունը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հետազոտությունն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՏԿ նախարարության, միջազգային, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հետազոտության հեղինակներն առաջարկում են խրախուսել տեղական իշխանություններին` օգտագործել համայնքներում առկա սոցիալական միասնության ռեսուրսը, համայնքի բնակիչներին մասնակից դարձնել համայնքային խնդիրների լուծմանը:
Վ. Տերտերյանը կարւորել է քաղաքացիական հասարակության դերը` նկատելով, որ խնդիրներն ավելի արդյունավետ կարող են լուծվել մասնակցային մակարդակով: Այս առումով նա օգտակար է համարել նման ուսումնասիրությունների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս ավելի առարկայական դարձնել խնդիրները եւ քաղաքականությունների մշակման ընթացքում ավելի արդյունավետ լուծումներ գտնել:
Նախատեսվում է, որ հետազոտություների արդյունքներով մշակված առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարություն:









































