ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի՝ վաղը Ֆրանսիայի Սենատում ընդունվելու հավանականությունը շատ մեծ է: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հաշվի առնենք, որ օրինագծին կողմ են ֆրանսիական քաղաքական ներկապնակի բոլոր կուսակցությունները՝ և՛ աջերը, և՛ ձախերը: Կարծում եմ, որ օրինագիծը Սենատի կողմից կհաստատվի»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով շաբաթներ առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարի արած այն հայտարարությանը, թե իր երկիրը պատրաստ է հյուրընկալել հայ-թուրքական պատմական հանձնաժողովի քննարկումները (եթե, իհարկե, այդպիսին ստեղծվի), Արա Նռանյանը նկատեց, որ թեև հայտարարությունները շատ կարևոր են, սակայն քաղաքական գործընթացները գնահատելու համար առավել կարևոր են գործողություններն ու քայլերը: «Տարբեր իրավիճակներում կարող են լինել տարբեր հայտարարություններ ու մեկնաբանություններ, բայց Ֆրանսիայի քաղաքականությունը լիարժեքորեն գնահատելու համար պետք է անդրադառնալ այդ երկրի կառավարության և իշխանությունների քայլերին: Այդ առումով կարելի է ասել, որ իրենց քաղաքականությունը բավական հստակ է: Նախագահ Նիկոլա Սարկոզին բազմիցս արտահայտվել է այս հարցի շուրջ, այսօր նպաստավոր է նաև ֆրանսիական քաղաքական ուժերի դասավորությունը: Հետևաբար, մենք չպետք է գերագնահատենք Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, հատկապես որ ավելի ծանրակշիռ և հետևողական քաղաքականություն է իրականացվում Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու տեսանկյունից: Բացի այդ, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ հաճախ իրական գործընթացն իրականացնելու համար կարող են կատարվել հայտարարություններ, որոնք կթուլացնեն քո իրական քաղաքականության հանդեպ հակազդեցությունը»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց նաև, որ Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը ֆրանսիական Սենատ վերադարձվել է ինչպես հայկական ուժեղ լոբբիի, այնպես էլ ֆրանսիական քաղաքական ուժերի ցանկության արդյունքում: «Եթե լինեին միայն հայկական համայնքի ջանքերը, սակայն չլիներ համապատասխան նպաստավոր քաղաքական կոնյունկտուրա, բնական է, մենք արդյունքներ չէինք կարող ունենալ և հակառակը, եթե հայ համայնքի կողմից որևէ գործողություն չլիներ, չեմ կարծում, որ ինչ-որ մի երկրի պաշտոնյա մի օր առավոտյան արթնանար և որոշեր այսպիսի օրինագիծ անցկացնել, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի հետ: Միայն ջանքերի համադրման արդյունքում կարելի է արդյունք ունենալ»,- նկատեց Արա Նռանյանը:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ էր վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 22-ին: Նշենք նաև, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ և 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:
>








































