ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստում կհաստատի «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012 թ. ծրագիրը:
Համաձայն ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների` 2020թ. համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կկազմի 1.6 տրիլիոն: Զբոսաշրջությունը տնտեսության այն ոլորտներից է, որն աշխատանքով է ապահովում մոտ 250 մլն մարդու` յուրաքանչյուր 10-րդ աշխատողն աշխարհում զբաղված է զբոսաշրջության ոլորտում:
ՄԱԿ-ի ԶՀԿ Համաշխարհային զբոսաշրջության բարոմետրի (UNWTO Wօrld Tօսrism Barօmeter) վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին, մինչև 2008 թվականը, համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%: 2010 թվականի տվյալներով, համաշխարհային զբոսաշրջային այցելությունների քանակը կազմել է 935 միլիոն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58 միլիոնով, ինչը կազմում է 6.7%:
Նկատենք, որ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4%-ով: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա իրավիճակի պահպանման դեպքում 2011 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 4-5% աճ:
Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է մոտ 7%, համաշխարհային սպառողական ծախսերի` 11%-ը, բոլոր հարկային մուտքերի` 5%-ը և համաշխարհային ծառայությունների շրջանառության մեկ երրորդը:
Վերջին տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25%: Անցած 10 տարիների ընթացքում այցելությունների թիվը աճել է ավելի քան 15 անգամ:
2010 թվականին Հայաստան է այցելել 683,979 հազար միջազգային զբոսաշրջիկ, արձանագրելով 18.9% աճ: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 551,635` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 487,902` աճելով 13.1%-ով:
Ըստ կանխատեսումների՝ մոտ 20% զբոսաշրջային այցելությունների աճի պահպանման պայմաններում 2012 թվականին Հայաստան միջազգային այցելությունների քանակի կհատի 900,000-ի սահմանագիծը:








































