ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք միասին անցել ենք բուռն փորձություններով և մարտահրավերներով լի ճանապարհ: Ձեր կատարած աշխատանքը մեծապես նպաստել է հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ի. Կորինթիոսը շնորհակալություն է հայտնել նրան՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա զարգացման և գործարար կապերի սերտացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը:
Այդ համատեքստում Տ. Սարգսյանն անհրաժեշտ է համարել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականին:
Տ. Սարգսյանը դեսպանի միջոցով իր ջերմ ողջույններն է հղել Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսին և մաղթել նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:










































