Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել էր «ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողների մրցույթ, որի նպատակն էր խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:
Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները և «Լավագույն հարցազրույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Խաչատրյանը (լրատվամիջոց` «Առաջին լրատվական» կայք), «Լավագույն հոդված» անվանակարգում՝ Սամվել Ավագյանը (լրատվամիջոց` www.news.am), «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում՝ Մանու Իրիցյանը (լրատվամիջոց` Արմնյուզ հեռուստաընկերություն): Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվեց նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին, ով ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր):
«Միությունը որոշեց լրագրողական մրցույթ հայտարարել ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված, քանի որ ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի հիմնական զարգացումները»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Լրագրողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ:









































