Լոնդոնի Դալվիչ զբոսայգուց գողացել են Բարբարա Հեփվորթի «Երկու ձև» քանդակը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բրոնզե քանդակը գողացել են գունավոր մետաղի որսորդները: Գործակալությունը նշում է, որ գողության նախօրեին Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել էր լարերի և ավտոմեքենաների մասերի գողերի դեմ պայքարի ստորաբաժանման ստեղծման մասին: Գունավոր մետաղի գների աճին զուգընթաց աճել է նաև գողությունների թիվը:
Հեփվորթի քանդակը ապահովագրված է կես միլիոն ֆունտով: Իշխանությունները 1000 ֆունտ պարգև են սահմանել նրան, ով տեղեկություն կտրամադրի գողության վերաբերյալ:
«Երկու ձև» քանդակի աշխատանքներն ավարտվել են 1969 թվականին: Արվեստաբանները Հեփվորթի այս քանդակը համարում են նկարչի ուշ ժառանգության կարևորագույն աշխատանքներից մեկը:








































