Չինաստանի իշխանությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան մասին իմացել են դեռ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին՝ դրա մասին պաշտոնապես հայտարարվելուց երկու օր առաջ: Այս մասին հաղորդում է հարավկորեական JoongAng Ilbo թերթը՝ վկայակոչելով Պեկինի իր աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում Չինաստանի դեսպանը, իմանալով Կիմ Չեն Իրի մահվան մասին, անմիջապես տեղյակ է պահել Չինաստանի ղեկավարությանը:
«Հյուսիսային Կորեան նույն օրը դիվանագիտական ուղիներով Չինաստանին տեղյակ է պահել Կիմ Չեն Իրի մահվան մասին»,- հայտնել է աղբյուրը:
Չինաստանի արտգործնախարարը, երեքշաբթի ելույթ ունենալով մամուլի ասուլիսին, հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները ոչինչ չեն իմացել նախքան պաշտոնական հայտարարությունը:
Կիմ Չեն Իրը մահացել է շաբաթ օրը 69 տարեկանում: Նրան կփոխարինի կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ունը:










































