Վերջերս ժելեապատ մազերով շատ երիտասարդներ իշխանական տարբեր միջանցքներով փորձում են առաջ ընթանալ, իրենց համար ճանապարհ հարթել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով երիտասարդ քաղաքական կադրերի անհրաժեշտության թեմային:
««Ժառանգություն»-ը երիտասարդ կադրերին «տեղ տալու» քաղաքականությունը, որպես օրինակ, վաղուց է ցույց տվել: 2008 թվականին ես դարձա կուսակցության խմբակցության ղեկավար, 2009 թվականին՝ կուսակցության ղեկավար: Ինչ վերաբերում է իշխանությունների վարած նմանօրինակ քաղաքականությանը, ապա մենք ողջունում ենք իշխող կուսակցությանը, որը երիտասարդ քաղաքական գործիչների նշանակման միջոցով փորձում է թարմ շունչ բերել դաշտ: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ որ այդ թարմ ուժերը չշարունակեն այն քաղաքականությունը, որ իրականացվել է մինչ այժմ, այլ իրենց թարմությամբ բերեն կառավարման թարմ մոտեցումներ ու գաղափարներ: Իսկ նոր շունչ ու նոր ոճ նրանք կարող են բերել, եթե ունեն նոր մտածողություն: Եվ դրա համար էլ պարտադիր չէ տարիքով երիտասարդ լինելը, առավել կարևոր է մտքով երիտասարդ լինելը: Ցավոք սրտի, երբեմն տեսնում ենք երիտասարդների, որոնք իշխող ուժի մաս դառնալով՝ կարճաժամկետ կտրվածքում ցանկանում են առաջընթաց ունենալ: Հատկապես վերջերս այսպիսի հասկացողություն կա՝ «ժելեապատ մազերով երիտասարդներ», ովքեր իշխանական տարբեր միջանցքներով փորձում են առաջ ընթանալ, իրենց համար ճանապարհ հարթել: Կա նաև հին, կոմերիտական վարքագիծ հիշեցնող երիտասարդություն, որն իր գործունեությունը տեսնում է բացառապես իշխող ուժի շրջանակներում»,- նկատեց պատգամավորը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կուսակցության վարչությունում երիտասարդները բավական շատ են: Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատգամավորության երիտասարդ թեկնածուների առաջադրել, Մարտիրոսյանը նկատեց, որ ցուցակների մասին խոսելը վաղ է, և նման հարցեր քննարկելու համար դեռ բավական ժամանակ կա:









































