Հայտնի է, որ գրիպի կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժման գործընթացը: Ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք ու ի՞նչ անել` դրանից խուսափելու համար: Այս հարցերի պատասխանը գտնելու համար «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ:
Նրա խոսքով,տարատեսակ սուր շնչառական վարակներից խուսափելու առաջին կարևոր նախապայմանը հիվանդին առողջ մարդկանց հետ շփվելուց հետ պահելն է: «Խուսափեք հիվանդի հետ շփվելուց կամ եթե հնարավոր չէ` վերջինիս հետ շփվեք 1-2 մետր հեռավորության վրա: Պետք է պահպանել ձեռքերի հիգիենան` քանի որ ձեռքով վարակված իրերին ձեռք տալուց հետո մարդը կարող է վարակել իրեն»,- խորհուրդ տվեց մասնագետը:
Նրա խոսքով, երկրորդ նախապայմանը տաք, եղանակին համապատասխան հագնվելն է, մյուսը` առողջ ապրելակերպը: Նա հորդորեց ծնողներին հատկապես այս օրերին երեխաներին հագցնել եղանակին համահունչ:
«Պետք է օգտագործել առողջ, վիտամիններով հարուստ սնունդ, օգտագործել առատ հեղուկներ»,- խորհուրդ տվեց Լ. Թորոսյանը:
Այն հարցին` ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք, մասնագետը խորհուրդ տվեց չգնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություն, հիվանդի բուժման գործընթացը կազմակերպել ավելի մեկուսացված սենյակում, հիվանդի խնամքով պետք է զբաղվի ընտանիքի անդամներից մեկը: «Պետք է նախապատվությունը տալ այն անձանց, ովքեր հղի չեն, տարեց չեն ու չեն տառապում խրոնիկ որևէ հիվանդությամբ»,- նկատեց նա` ընդգծելով ինքնաբուժմամբ չզբաղվելու անհրաժեշտությունը:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետի խոսքով, բարեկամների, հարազատների խորհուրդով շատերն ընդունում են առատ հակաբիոտիկներ` առանց նայելու՝ դրանք հակացուցված են, թե ոչ, ու մոռանալով, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, և հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում գրիպի վրա:
Նա խորհուրդ տվեց դիմել բժշկի:








































