ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Մինասյանի հաշվարկներով՝ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշը 5.5% է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գ. Մինասյանը կարծիք հայտնեց, որ չի կարելի համեմատել յուրաքանչյուր ամիսը նախորդի հետ, քանի որ դրանք չհամընկնող առանձնահատկություններ ունեն:
Նշենք, որ այս տարվա նոյեմբերին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով ավելացել է 2.4%-ով, սակայն հոկտեմբերի համեմատ՝ նվազել է 7.3%-ով:
Գ. Մինասյանը «բավականին դրական» գնահատեց արտահանման և ներմուծման հարաբերակցությունը: Ըստ նրա՝ արտահանումն ամբողջ տարվա ընթացքում առաջանցիկ աճ է ունեցել ներմուծման նկատմամբ, նոյեմբերին արտահանումն, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 30%-ով, իսկ ներմուծումը՝ շուրջ 10%-ով: Գյուղատնտեսական բնագավառում կուտակային աճը 10%-ից ավելի է, իսկ արդյունաբերության մեջ՝ էլ ավելի բարձր:
«Ակնհայտ է, որ ճգնաժամի արդյունքում ունեցանք տնտեսության գերանկում, ունեցանք նաև աղքատության գերաճ, և ակնհայտորեն աղքատության հաղթահարման ճանապարհը գնում է հենց տնտեսական աճի շնորհիվ տնտեսության վերականգնման ճանապարհով»,- նկատեց նա:










































