ՀՀ կառավարության Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի քարոզիչ, «Սուրիկ ախպոր» ընկեր Մերուժան Տեր-Գուլանյանին դեկտեմբերի 18-ի հայտարարությանը ի պատասխան
Պարոն Մերուժան, ցավոք սրտի, Ձեր հետևյալ հայտարարությունը՝ «անկեղծ ասեմ, իրենք հիմնականում համաձայն էին, որ իրենց տեղափոխեն», չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հայ մարդ և հայ գյուղացի, առավել ևս քաջարանցի, չի ցանկանում դառնալ փախստական, տեղահանված կամ տեղափոխված: Այս ցավալի իրողության հեղինակը և խրախուսողը ՀՀ իշխանություններն են, որին միացել եք նաև Դուք:
Ինչ է նշանակում, որ տեղափոխման հիմք է նաև, որ Քաջարան գյուղում «ընդամենը մոտ 60 մարդ է ձմեռն ապրում»: Սահմանամերձ գյուղի բնակչության տարհանման խրախուսումը ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի հանդեպ:
Երբ Ձեր հայտարարության մեջ նկարագրում եք գյուղի թշվառ վիճակը՝ ներկայացնելով՝ «ամեն ինչն ավերակ է, ապրում են փայտե տներում: կոպիտ ասած՝ ամառանոց է Քաջարան գյուղը » և այլն, ինչ է, Ձեզ հայտնի չե՞ն այսօրվա մեր գրեթե բոլոր գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի թշվառ վիճակը և սակավաբնակ լինելը:
Դուք Ձեզ հռչակում եք որպես «ազգի մտավորական» և «Սուրիկ ախպոր» ընկեր: Հավանաբար դա էր դրդապատճառը, որ հանկարծ որոշեցիք ձմռանը գնալ Սյունիքի մարզի Քաջարան գյուղ, որի հողերից, համաձայն ձեր հայտարարության, «50 հեկտար հող են ուզում՝ սարի հակառակ կողմում», այնինչ իրական թիվը 181,7 հեկտար է:
Իսկ ինչու «ազգի մտավորականը» իր «Սուրիկ ախպոր» հետ չայցելեց նաև հանքաարդյունաբերության կործանարար հեղեղի տակ ընկած Սյունիքի մարզի մյուս գյուղերը՝ Սյունիք, Սևաքար, Արծվանիկ, Աճանան, Չափնի ևս, որոնք նույնպես թշվառ վիճակում են, և որոնցից ՀՀ կառավարությունը շուրջ 400 հեկտար ավելի հողեր է ցանկանում օտարել, ինչը պետք է ծառայի Քաջարան գյուղի հանքի շահագործման հետևանքով առաջանալիք թափոնների՝ պոչանքի տեղ:
Զարուհի Փոստանջյան
Մարիամ Սուխուդյան









































