Պարտքերի մեջ խրված ֆրանսիական France Soir թերթի ղեկավարությունը աշխատակիցների զնագվածային կրճատումներ է սկսում: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը՝ վկայակոչելլով թերթի արհմիության ղեկավար Ստեֆան Պատյուրեին: Աշխատանքից հեռացված աշխատակիցների թվի վերաբերյալ ղեկավարության և արհմիության գնահատականները տարբեր են:
Պատյուրեի խոսքերով՝ թերթի աշխատակիցները իրենց հեռացման մասին գրավոր ծանուցումներ են սկսել ստանալ «անցյալ ուրբաթ կամ երկուշաբթի»:
Պարբերականի ղեկավարության որոշման համաձայն՝ աշխատանքից պետք է հեռացվի 80 աշխատակից: Ղեկավարության հաղորդմամբ՝ արդեն հեռացվել է 87 աշխատակից, արհմիության տվյալներով՝ 131:
«Ընդհանուր առմամբ հայտնի է, որ կկրճատվի խմբագիրների թիվը: Թղթակիցների և սոցիալական թղթակիցների պաշտոնը կիջեցվի, կիջեցվի նաև նրանց աշխատավարձը»,- ասել է Պատյուրեն:
Բացի այդ, գործակալությունը նշում է, որ France Soir-ը Փարիզի Ելիսեյան դաշտերի իր գրասենյակից կտեղափոխվի Իսսի լե Մուլինո քաղաք:








































