ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Սիրիային կոչ է անում անհապաղ իրականացնել ճգնաժամը կարգավորելու գործողությունների նախագիծը, որն առաջարկվել էր Արաբական երկրների լիգայի կողմից:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, փաստաթղթի տեքստում ասվում է, որ «ճանապարհային քարտեզը», որը մշակվել է ԱԵԼ-ի կողմից, այդ թվում՝ նաև Սիրիա դիտորդներ ուղարկելը, պետք է «լիովին» իրականացվի: Բանաձևին կողմ է քվեարկել 133 պետություն, դեմ՝ 11, իսկ ձեռնպահ է մնացել 43 պատվիրակություն, այդ թվում՝ նաև Ռուսաստանը:
Բանաձևում Սիրիայի իշխանություններին կոչ է արվում հետաքննություն անցկացնելու համար «լիովին համագործակցել» ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդին առընթեր միջազգային անկախ հանձնաժողովի հետ: Փաստաթղթում «վճռականորեն քննադատվում են Սիրիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակվող լուրջ և համակարգային խախտումները», այդ թվում՝ նաև մահապատիժները, անհետացումները, ձերբակալությունները, բողոքի ակցիայի մասնակիցների և մարդու իրավունքների պաշտպանների հետապնդումները:
Այս բոլոր պահանջները և կոչերը ուղղված են միայն մեկ կողմին` Սիրիայի իշխանություններին: ՄԱԿ-ի մարդու իրավքունքների գերագույն հանձնակատարը վստահեցնում է, որ ութ ամսվա ընթացքում ընդդիմության և կառավարական ուժերի ընդհարման հետևանքով Սիրիայում մահացել է 5,000 մարդ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Սիրիան Կահիրեում արձանագրություն էր ստորագրել, որով Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) դիտորդներին թույլատրում է երկիր մտնել:
Հիշեցնենք նաև, որ երկար ժամանակ Ռուսաստանը արգելափակում էր Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը:








































