Մոսկվայում մահափորձ է կատարվել քրեական աշխարհի հեղինակություն Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ: Վնասվածքներ է ստացել նրա թիկնապահը: Росбалт-ին` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հանցագործությունը կատարվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան: Ռաֆիկ Մադոյանը մոտեցել է Սայանի փողոցում գտնվող իր տանը: Նա բացել է շքամուտքի դուռը և մտել շքամուտք, իսկ հետևից նրա անվտանգությունը պահպանել է 31-ամյա թիկնապահ Ավագյանը: Այդ պահին դիպուկահարը կրակ է բացել իր թիրախների ուղղությամբ: Մադոյանը չի տուժել, իսկ նրա թիկնապահը վնասվածք է ստացել ուսագոտու շրջանում: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ քիլլերը կրակ է արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, որը կայանված է եղել տնից ոչ հեռու: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 7, 62 տրամաչափի, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ` անաղմուկ կրակելու համար նախատեսված խլացուցիչով և օպտիկական նշանառության սարքով: Հարուցվել է քրեական գործ:
Ռաֆիկ Մադոյանը հանդիսանում է «Շաշլիկ-մաշլիկ» և «Նանի տուն» ֆիրմաների հիմնադիր: Ոստիկանության տվյալներով, Մադոյանը հայտնի է որպես «հեղինակություն», որը Դեդ Հասան մականունով օրենքով գող Ասլան Ուսոյանի մերձավոր շրջապատից է: Մասնավորապես, Մադոյանը սերտորեն կապված է գանգստեր Ալիկ Բանդուլյանի հետ, որը այս տարվա գարնանը Դեդ Հասանի կողմից թագադրվել էր որպես «օրենքով գող»:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի դեմ մահափորձ էին արել Մոսկվայում 2010-ի սեպտեմբերի 16-ի երեկոյան, ինչի հետևանքով նա ծանր վիրավորվել էր: Քրեական աշխարհում նա համարվում է Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդը: Այդ մահափորձի հետ կապված երկու տարբերակ էր շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, 73-ամյա Դեդ Հասանի դեմ մահափորձը կատարվել էր Տվերսկի փողոցում գտնվող բնակարանում, իսկ երկրորդ վարկածի համաձայն, Ուսոյանի վրա կրակել էին «Մակարով» տեսակի ատրճանակից, երբ նա դուրս գալիս է եղել Տվերսկի փողոցում գտնվող տան շքամուտքից: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի` Ուսոյանի վրա հարձակումը օրենքով գողերի կլանների միջև ռազբորկաների շարունակությունն է: Կարծիք կար, որ Ուսոյանը և 2009-ի ամռանը որովայնի շրջանում մահացու վերք ստացած Յապոնչիկ մականունով Վյաչեսլավ Իվանկովը կոնֆլիկտի մեջ են մտել վրացի օրենքով գողերի հետ` ի դեմս Տարիել Օնիանիի, որը հայտնի է Տառո մականվամբ: Յապոնչիկի մահից հետո Դեդ Հասանը երդվել էր վրեժ լուծել նրա համար:
Այն ժամանակ, երբ Իվանկովը դեռ կենդանի էր, գաղութներում և քննչական մեկուսարանում նամակ էր հայտնվել շրջանառության մեջ` ազդեցիկ 34 հեղինակությունների ստորագրությամբ, որոնք համաձայն էին վերացնել Տարիել Օնիանիին: Վերջինս 2010թ. հուլիսին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացներ խիստ ռեժիմի բանտում:
Գոյություն ուներ կոնֆլիկտի պատճառների վերաբերյալ ևս մեկ վարկած` մի կողմում Դեդ Հասանն ու Յապոնչիկն էին, մյուս կողմում` Տառոն: Իբր որոշ ժամանակ առաջ Յապոնիչկը Մոսկվայում, մերձմոսկովյան շրջանում և Սոչիում ակտիվորեն զբաղվել է շինարարական բիզնեսով: Իվանկովը նաև անձնական հաշիվներ ուներ վրացի գողերի հետ. ըստ շրջանառվող լուրերի` վերջիններս առնչություն են ունեցել Իվանկովի որդեգրած տղայի` օրենքով գող Վիտյա Կալինի սպանության հետ:
Հիշեցնենք, որ 2008-ի մայիսին հանցագործ աշխարհը Սոչիում հավաքվել էր «սխոդկայի», որտեղ նրանք քննարկել էին իրենց` բիզնեսի մեջ ներգրավվելու հարցերը` կապված ձմեռային Օլիմպիադա-14-ի նախապատրաստության հետ: Այն ժամանակ գողերի որոշել էին, որ այդ նախապատրաստության նկատմամբ հսկողությունը պետք է վստահել Դեդ Հասանին: Հիմնական փաստարկն այն էր, որ Կրասնոդարի մարզը դեռ 90-ականներից եղել է Դեդ Հասանի վերահսկողության տակ: Օնիանին իր հերթին առաջարկել էր Օլիմպիադայի իր բիզնես-պլանը, սակայն հանցագործ աշխարհը պաշտպանել էր Դեդ Հասանի թեկնածությունը` այն նկատառումով, որ նա պահպանում է հանցագործ աշխարհի հին ավանդույթները, մուծվում է «օբշակին», իսկ Օլիմպիադայի բիզնեսից նրա փոխանցումները գողական «օբշակ», կարող են այն հարստացնել հարյուր միլիոնավոր դոլարներով:
Թբիլիսիից սերված և բազմակի դատապարտված Դեդ Հասանի հանցախմբերն իրենց ազդեցությունը հետսովետական շրջանում տարածել են երկրի տարբեր շրջաններում: Այժմ այն համարվում Ռուսաստանում ամենաուժեղը: Կրիմինալիստների գնահատմամբ, այդ խմբավորման հիմնական եկամուտները գալիս են անլեգալ խաղային բիզնեսից, թմրամիջոցների և զենքի շրջանառությունից, ինչպես նաև բնական պաշարների հանքարդյունահանումից: Բացի դա, Դեդ Հասանը վերահսկում է տնտեսության այն ոլորտները, որտեղ կան կանխիկ եկամուտներ և կարելի է հեշտությամբ թաքցնել դրանք: Օրինակ, շինարարությունը և անշարժ գույքի շուկան:
Դեդ Հասանը ազգությամբ քուրդ է, իսկ հավատքով` եզդի: Ըստ ռուսական լրատվամիջոցների` նա սերտ կապեր է պահպանում Քրդական աշխատավորական ահաբեկչական կուսակցության հետ, իսկ ընդհանրապես համարվում է քրդերի հովանավորը: Օրինակ, համարվում է, որ 2008-ին Բաքվի «Դելֆին» հյուրանոցում, որը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին, Դեդ Հասանը և ևս մեկ քուրդ` Կրասնոդար-Բիլո մականունով օրենքով գողը որոշում են կայացրել քրդերի կազմակերպության շարժի վերաբերյալ` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով:
Յապոնչիկի սպանությունից հետո իրավապահ մարմինները պարբերաբար թուլացնում էին Դեդ Հասանի բրիգադները: Կրիմինալիստներն ասում են, որ 1950-ականներից եկող ԿԳԲ-ի և ՆԳ մարմինների նման` հակամարտող գողական կլանների միջև հավասարակշռությունը պահպանելու մարտավարությունն արդյունավետ է:
Եվ այսպես, 2010-ի հունիսին ձերբակալվեց օրենքող գող Պիչուգան. վերջինս համարվում է Ուսոյանի ենթականերից մեկը, որը «նայում է» Կոմի հանրապետությունը: 2010-ի մայիսին տարօրինակ հանգամանքներում մահացավ օրենքով գող Լյովա Գրեկը: Նա Դեդ Հասանի խմբավորման անդամներից էր, որը «նայում էր» Ստավրոպոլի մարզը: Փետրվարին իրավապահները ձերբակալեցին օրենքով գող Վագոնին, որը «նայում էր» Նիժեգորոդսկի մարզը: 2009թ. Մոսկվայում սպանվեցին Դեդ Հասանի կլանի անդամ օրենքով գողեր Ալիկ Մինալյանը (Ալիկ Սոչինսկին) և Անդրեյ Գոլուբևը (Սկիֆը): Հետևաբար, չի բացառվում, որ Մադոյանի դեմ մահափորձը այս սցենարի շարունակությունը լինի, քանի որ Դեդ Հասանի կլանը շարունակում է իր ազդեցիկությամբ մնալ ամենաուժեղը Ռուսաստանում:
Դեդ Հասանը համարվում է բարձրագույն դատավոր, որը լուծում է հակամարտող քրեական խմբավորումների միջև առկա բարդ կոնֆլիկտները: Վերջին նման «դատավարությունը»` նրա նախագահությամբ համարվում է Վախա մականվամբ Բախիշ Ալիևի և Շակրո-մոլոդոյ մականվամբ Զախար Քալաշովի միջև վեճը: Նրանք չէին կարողացել կիսել Մոսկվայի գյուղմթերքների շուկաների նկատմամբ ազդեցության ոլորտները: Հակամարտությունը շատ հեռուն էր գնացել. միայն 2008թ. երկու կողմից 12 մարդ էր սպանվել: Շուկաների վրա տանիք լինելուց եկող մեծ խաղադրույքների շուրջ էր վեճը եղել` յուրաքանչյուր ամիս 4-6 մլն. դոլարի եկամտի: Արդյունքում Դեդ Հասանը երկու խմբավորումների միջև վեճը լուծեց տարածքային սկզբունքով:
«Ժամանակ»








































