Անցյալ շաբաթվա վերջին որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում անդրադարձել էին ցմահ ազատազրկման դատապարտված և դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանի պահման պայմաններին:
Ի պատասխան դրանց` ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ա. Մկրտչյանը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Հենց այդ հսկողությունը լիարժեք իրականացնելու նպատակով է, որ հացադուլ հայտարարծ դատապարտյլաը, սովորաբար, առանձնացվում է:
Հայտնում ենք նաև, որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարած դատապարտյալի համար, այլ կերպ ասած` խուցը հատուկ ձևով կահավորելու մասին որևէ սահմանում չկա:
Ինչ վերաբերում է խցի կահավորանքին, ապա օրենսդրությամբ սովորական խցի և պատժախցի միջև տարբերությունը միայն նրանում է, որ պատժախցում պահվող դատապարտյալին գիշերային ժամերին է միայն անկողնային պարագաներ տրվում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ ԱՆ «Նուվբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատարտվածների համար նախատեսված խցերը առավել բարվոք վիճակում են, քան մյուսներինը, սակայն դա է քրեակատարողական հիմնարկի օբյեկտիվ վիճակը, որում կարող է հայտնվել ցանկացած կալանավորված անձ կամ դատապարտյալ:
«Ունենք այն, ինչ ունենք` խորհրդային տարիներից ստացած ժառանգություն:
Եվ հենց այս իրավիճակը վերացնելուն են ուղղված ենթակառուցվածքային այն բարեփոխումները, որոնք այս պահին էլ շարունակվում են իրականացվել, մասնավորապես խոսքը վերաբերում է Արմավիրում կառուցվող ժամանակակից պահանջներին բավարարող քրեակատարողական հիմնարկին»,- նշված է հաղորդագրության մեջ:









































