Լիբիական և օտարերկրյա հատուկ ծառայությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնավոր ապահովագրական ընկերությունները ակտիվ աշխատանքներ են տանում իբր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից պահված ոսկիները, թանկարժեք զարդերը, դոլարներն ու եվրոները փնտրելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ալժիրյան Al-Khabar թերթը: Պարբերականի տվյալներով՝ Տրիպոլիի անկումից առաջ Քադաֆիի մերձավորները մայրաքաղաքից դուրս են հանել նրա հարստությունները և դրանք թաքցրել Լիբիական անապատում՝ անհայտ վայրում: Խոսքը 4 տոննա ոսկու և խոշոր առձեռն գումարի մասին է, որը կարող է տատանվել 200-500 մլն դոլարի սահմաններում:
Համարվում է, որ Քադաֆին այդ գումարները բանկերից հանել է նախքան վարչակարգի տապալումը և պատրաստվում էր դրանցով պարտիզանական պատերազմ մղել նոր իշխանությունների և արևմտյան դաշնակիցների դեմ:
Որոշ տվյալներով՝ թաքստոցը կարող է գտնվել Լիբիայի արևմուտքում՝ Ալժիրի և Թունիսի սահմանի մոտ:
Թերթը գրում է, որ Լիբիայի հարևան Նիգերի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 լիբիացիների, որոնք փորձել են անցնել սահմանը: Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք աշխատում են ԱՄՆ մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, որոնք փնտրում են Քադաֆիի գանձերը: Բացի այդ, լիբիացիները հանձնարարություն են ստացել գտնել Քադաֆիի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան մի սպայի, որն իբր գիտի գանձերի գտնվելու վայրը:
Թերթը գրում է, որ Քադաֆիի հարստությունները գտնելու աշխատանքներով են զբաղված նաև ֆրանսիական հատուկ ծառայությունները, որոնք մտավախություն ունեն, որ այդ միջոցները կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Մասնավորապես, արևմտյան կոալիցիայի ուժերը որոնողական աշխատանքներում ներգրավել են հատուկ սարքավորումներով զինված ինքնաթիռներ:
Բացի այդ, Քադաֆիի պահեստը գտնելով են հետաքրքրված արաբական և արևմտյան երկրներից մի շարք անհատ արկածախնդիրներ:
Հիշեցնենք, Լիբիայում 42 տարի կառավարած Մուամար Քադաֆին սպանվել է հոկտեմբերին իր ծննդավայր Սիրթ քաղաքում:








































