Ամանորին ընդառաջ ավելի է մեծանում հասարակության ուշադրությունը տարատեսակ արևելյան հորոսկոպների ու կենդանակերպերի նկատմամբ: «Առաջին լրատվականը» Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել` ինչով է բացատրվում այդ ամենի նկատմամբ «սերը»:
«Մարդիկ կան, որ հավատում են չինական ու ճապոնական զանազան հորոսկոպներին: Դրանք այն մարդիկ են, որ իրենց հույսը կտրել են եկեղեցուց ու հույս են դրել ինչ-որ սնահավատությունների վրա: Նման դեպքերում է «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»–ն, այսինքն՝ ինչքան շատ են մարդիկ հետևում այդ ամենին, այնքան շատ են հավատում դրան»,- ասաց Տեր Նիկողոսը` նշելով, որ ամենևինէլ պատահական չեն չինական fashion-ներն ու հորոսկոպները:
«Բնականաբար, դրանք իրենց տարածումը պետք է գտնեին: Մեր ժողովուրդն այնպիսի ժողովուրդ է, որ շատ է հավատում նման բաների»,- նշեց նա:
Նրա խոսքով` հիմա բացում ես ինտերնետն, ու այն ողողված է չինական հորոսկոպներով, գուշակություններով:
«Գուշակությունները եկեղեցու կողմից ոչ մի կերպ չի ընդունվում, ու եկեղեցին արգելում է դրանցով զբաղվել»- ընդգծեց նա` հավելելով, որ դրանք հետաքրքրում են նաև այն մարդկանց, ովքեր հավատում են եկեղեցուն:
«Նրանց մոտ դա զուտ հետաքրքրություն է»,- նշեց նա:









































