ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011թ. դեկտեմբերի 16-ին ՌՈ բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասը կվերավորակվի նույն հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է խստացում և 8 տարվա ազատազրկում: Ի դեպ, այս լուրը նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ հաստատել Քննչական ծառայության պետ, գեներալ Արմեն Մարտիրոսյանը
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով:
Այնուհետև զինվորը տեղափոխվել էր Ստեփանակերտի ռազմական հոսպիտալ, իսկ ավելի ուշ Երևանի «Մալայանի անվան ակնաբուժական» կլինիկա, որտեղ և բժիշկները ստիպված էին եղել հեռացնել զինվորի աչքը։