Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
«ԱրմՌոբոտիքս»-ի համակարգող Մարիամ Նահապետյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներ չեն եղել: Մասնակից բոլոր 5 թիմերին տրվել է խրախուսական մրցանակ, լավագույն ինժեներական մրցանակ տրվել է «Ոզնի» թիմին՝ ABB հայաստանյան ներկայացուցչության կողմից, աղջիկների թիմին խրախուսական մրցանակ է տրվել արիության համար:
«Խնդիրը բարդ էր, 100%-ով ոչ մի թիմ չկարողացավ հաղթահարել, բայց բավականին հետաքրքիր, լավ անցավ մրցույթը: Հույս ունենք, որ հետագայում երեխաները կաշխատեն խնդիրների վրա, թերությունները կշտկեն, և հաջորդ տարի կունենանք լավ նախագծեր»,- նշեց Մ. Նահապետյանը:
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները նախագծել և պատրաստել էին ռոբոտներ, որոնք պետք է խուզարկեին հողածածկ տեղանքը, գտնեին թաղված ականները, նշեին դրանց դիրքերը և ստեղծեին հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը:
Մրցույթին մասնակցում էին 5 թիմեր` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի», որոնք կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից:
Նշենք, որ մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` «ԷյԲիԲի» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը, աջակիցներն են` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ-ն, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:









































