ՀՀ կառավարությունը պետք է չեղյալ համարի Քաջարան գյուղի հողերի օտարման որոշումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը`խոսելով Քաջարան գյուղի բնակիչների շուրջ բարձրացած աղմուկի մասին:
Պատգամավորի համոզմամբ, ՀՀ կառավարության 627 որոշմամբ նախատեսված հողերի օտարումը պետք է տեղի չունենա: Այն հարցին, թե մասնակցելու է բնապահպանների կազմակերպած ակցիային Քաջարանում, պատասխանեց, որ հնարավորության սահմաններում կաջակցի գյուղի բնակիչներին և կլինի բնակիչների կողքին` նաև Քաջարանում:
Հիշեցնենք, որ գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս պահի դրությամբ որոշումը բողոքարկվում է և բնապահպանների, և Քաջարանի գյուղացիների, և գյուղապետի կողմից: Խնդիրը բարձրացրել են հենց նրանք:








































