Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան իր արաբական ու արևմտյան դաշնակիցների հետ ցանկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը, սակայն ոչ ներկայումս։
Ներկայումս հենց Թուրքիան է վերածվել Սիրիայում ընդդիմադիր շարժման հիմնական կազմակերպչական կենտրոնի։ Չնայած դրան՝ ողջ տարածաշրջանում ու Արևմուտքում մտավախություն կա, որ Ասադի հակառակորդները դեռ պատրաստ չեն իշխանության անցնելուն, և որ Ասադի գահընկեցությունից հետո էթնիկ ու կրոնական խճանկար ունեցող 22 միլիոնանոց Սիրիայում կարող է առաջանալ քաոսային իրավիճակ, ինչը կարող է տարածվել նաև հարևան երկրներում, այդ թվում՝ նաև նույն Թուրքիայում, ուր առկա է քրդական հոծ բնակչություն։
Դրա համար Թուրքիան աշխատանքներ է տանում սիրիական ընդդիմության հետ՝ այն ավելի հուսալի գործընկերոջ վերածելու՝ տարբեր խմբերի գործողությունները կոորդինացնել կարողանալու համար։ Թուրքիային անհանգստացնում են Սիրիայի քրդերը, քանի որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) թվում ընդգրկված են բազմաթիվ սիրիական քրդեր, և Թուրքիայի կառավարությունը վստահ է, որ Ասադը ներկայումս աջակցում է PKK-ին՝ ընդդեմ Թուրքիայի։
Թուրքիան չի ցանկանում 1991 թվականի (իրաքյան) իրադարձությունների կրկնությունը, երբ մի քանի օրվա ընթացքում թուրքական սահմանը հատեցին 550,000 քրդեր, ինչը գլխացավանք դարձավ նրա համար։ Սեփական կրոնական ու էթնիկ հակամարտություններ ունեցող Թուրքիան պետք է չափազանց մեծ զգուշավորություն ցուցաբերի Սիրիայի հարցում։








































