Դեկտեմբերի վերջերին կամ հունվարի սկզբներին նախատեսվում է ստեղծել Քաշաթաղի և Քարվաճառի վերաբնակեցման հանրային խորհուրդ (խորհրդի անվանումը դեռ պարզ չէ և կհաստատվի առաջին համագումարի արդյունքների ամփոփումից հետո), որը զբաղվելու է ոչ միայն ազատագրված տարածքներում առկա հիմնախնդիրների բարձրաձայնմամբ, այլ նաև վերաբնակեցման միտքը քարոզելով՝ որպես նոր Հայաստան կերտելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քարվաճառի բնակիչ, ստեղծվելիք խորհրդի հնարավոր անդամ Ալեքսանդր Քանանյանը:
«Ստեղծվելիք հանրային խորհուրդն ազատագրված շրջանների վերաբնակեցման պետական ծրագրի հետ որևէ կապ չունի, բնականաբար, պետական ոչ մի միջոց չի ունենալու, այսինքն՝ միայնակ ունակ չի լինելու շինարարություն իրականացնել, բայց կարողանալու է զբաղվել հանրային բազմաբնույթ աշխատանքով: Խորհուրդը զբաղվելու է վերաբնակիչների ընթացիկ բոլոր խնդիրների՝ եթե ոչ լուծմամբ, ապա գոնե աջակցությամբ: Դա արտահայտվելու է հատկապես նրանց համար տներ կառուցելու նպատակով միջոցներ հայթայթելու մեջ: Ինչ վերաբերում է հանրային խորհրդի անդամների թվին, ապա նրանք, հավանաբար, 4-5-ն են լինելու, սակայն քանի դեռ նախագիծը չի մեկնարկել, հակված ենք գաղտնի պահել նրանց անունները: Միանշանակ է միայն, որ նրանք ազատագրված տարածքների վերաբնակիչներ կլինեն»:
Քանանյանի խոսքով, վերաբնակեցման քաղաքականությունը, որևէ ժամանակաշրջանում, որևէ նախագահի օրոք, երբեք ռազմավարական ծավալներ չի ունեցել: «Ցավոք սրտի, 2004 թականին Քաշաթաղում և 2007 թվականին՝ Քարվաճառում, վերաբնակեցման ընթացքը փաստացի կասեցվեց: «Վերաբնակեցման ընթացքի կասեցում» արտահայտությունը չի նշանակում, թե դրանից հետո որոշակի թվով ընտանիքներ այդ տարածքներ չեն տեղափոխվել: Բարեբախտաբար, վերջին շրջանում, հատկապես Քաշաթաղում ի հաշիվ ՀՀ տարբեր շրջաններից այստեղ եկած նորեկ ընտանիքների՝ բնակչության որոշակի աճ է նկատվում: Բայց պետք է, այնուամենայնիվ, արձանագրենք, որ 2004-2007 թվականների ընթացքում Քաշաթաղում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բնակչության համարյա կեսը ստիպված է եղել տարածքը լքել, ուստի այսօր, երբ ազատագրված տարածքներ ընտանիքներ են վերադառնում, մենք ընդամենը կիսով չափ փորձում ենք վերականգնել այն, ինչ ունեցել ենք մինչև 2004 թվականը:
Ինչ վերաբերում է Քարվաճառին, ապա վերաբնակեցումը կասեցված է 2007-ից: Բնակելի տների շինարարություն կամ վերականգնում տեղի չի ունենում, այսինքն՝ այսօր էլ Քաշաթաղ եկող անձինք բնակվում են այն տներում, որոնք կառուցվել են մինչև 2002-2003 թվականները: Բացի նրանից, որ պետությունն ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրով լրջորեն չի զբաղվել, մեր հասարակությունում առկա կառավարման եղանակների բոլոր թերությունները, նույն այդ տարածքներում առավել ձևեր են ստանում: Շատ անգամ վերաբնակիչների տարրական իրավունքների պաշտպանությունը մեծ ու կարևոր խնդիր է դառնում, ուստի շուտով ձևավորվելու է քաշաթաղցիներից կազմված մի մարմին, որն ստանձնելու է նրանց իրավունքների և վարչական ապօրինությունների դեմ պայքարն առաջ մղելու գործը: Իսկ վերաբնակեցման հանրային խորհուրդն իր հիմնական գործառույթ կհամարի վերաբնակեցման գաղափարի քարոզչությունը, դրական իմաստով ճնշում կգործադրի իշխանությունների վրա՝ պարտադրելով լրջորեն վերաբերվել ազատագրված տարածքների վերաբնակեցմանը»:









































