Գալիք հանգստյան օրերին ռոբոտաշինությամբ հետաքրքրվողներն ականատես
կլինեն «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին և կմասնակցեն «Ռոբոտների շարժման
ծրագրավորում» թեմայով դասախոսություններին:
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները նախագծել և պատրաստել են ռոբոտներ, որոնք խուզարկում են հողածածկ տեղանքը, գտնում թաղված ականները, նշում դրանց դիրքերը և ստեղծում հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Ռոբոտների չափսերը սահմանափակ են` 40 x 40 սմ, իսկ քաշը` մինչև 10 կգ:
Մրցույթին մասնակցում են 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Թիմերը կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից և այլն: Հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները` առաջին տեղ` 400 հզ. դրամ, երկրորդ տեղ` 300 հզ. դրամ, երրորդ տեղ` 200 հզ. դրամ:
Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` «ԷյԲիԲի» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն են` ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
ԻՏՁՄ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Միությունը, կարևորելով ռոբոտաշինության վերականգնումն ու զարգացումը Հայաստանում և երիտասարդների ներգրավվածությունը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում, կկազմակերպի նաև «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններ: Դասախոսությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:








































