Այսօր՝ ժամը 15.00-ին, Կառավարական տուն 1 շենքի առջև տեղի կունենա ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի բնակիչների: Ակցիան կազմակերպում են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքների, մասնավորապես՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ակցիայի կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու բոլոր այն մարդկանց, ում համար դեռևս հարազատ է հայրենիքը, ովքեր դեմ են ներկայիս բնաքանդ քաղաքականությանը, և ովքեր չեն ցանկանում մեր գյուղերի փոխարեն տեսնել միայն պոչամբարներ ու լցակույտեր:
«Մենք քաջարանցիների կողքին ենք: Միանալով մեր հայրենակիցներին՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի «Սյունիքի մարզի մի քանի համայնքների (այդ թվում՝ Քաջարան) վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ» 627-Ն որոշումը, որով փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին»,- պահանջում են բնասերները` հավելելով, որ միահամուռ կերպով մեկ անգամ ևս պետք է ցույց տալ, որ երկրի տերը ժողովուրդն է:








































