Այսօր Երևանում ընթանում է Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ոլորտին առնչվող ՀԿ-ների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տ. Սարգսյանը նշեց, որ կենսաթոշակային նոր համակարգն արմատապես տարբերվում է գործող համակարգից: «Պետք է հաշվի առնել աշխարհում ընթացող զարգացման միտումները»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` այս համակարգը թույլ է տալիս կառավարել ռիսկերը, և այդ պատճառով է ներդրվում եռաստիճան համակարգ:
«Փոխվում են քաղաքացիների մտածողությունը և մոտիվացիաները»,- ասաց վարչապետը` հավելելով, որ աշխատող քաղաքացին սկսում է մտածել իր վաղվա օրվա մասին: Տ. Սարգսյանը հավաստիացրեց, որ այդ փոփոխություններն առավել ակնառու կլինեն առաջիկա 10 տարիներին:
Վարչապետը կրկին շեշտեց` չնայած 2009 թ.-ի ճգնաժամի պատճառով բյուջեի եկամուտները կտրուկ նվազեցին, պետությունը ոչ միայն կատարեց իր պարտավորությունները, այլև ավելացրեց կենսաթոշակների և նպաստների չափը:
Կառավարության ղեկավարը խոստացավ, որ այդ բարեփոխումները լինելու են շարունակական, և որպես ապացույց` նշեց, որ 2012թ. բյուջեով կենսաթոշակներն ու նպաստները կրկին 10-ական տոկոսով ավելացվում են:








































