2002 թվականից Ռուսաստանի բնակչությունը կրճատվել է 2,3 միլիոնով (1,6 տոկոս ) և կազմում է 142 միլիոն 857 հազար մարդ: Այս մասին են վկայում Ռուսաստանի վիճակագրական ծառայության վերջնական տվյալները, որը հրապարակել է 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի արդյունքները: Այս տվյալները տպվել են Российская газета-ում:
ՌԴ-ն բնակչության թվով աշխարհում զբաղեցնում է ութերորդ տեղը` զիջելով Չինաստանին, Հնդկաստանին, ԱՄՆ-ին, Ինդոնեզիային, Բրազիլիային, Պակիստանին և Բանգլադեշին:
Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի աճի տեմպերի նվազումը արագանում է: 1989 թվականից 2002 թվականը երկրի բնակչության թիվը կրճատվել է 1,8 միլիոնով, իսկ մնացած ութ տարիներին` 2,3 միլիոնով: Ընդ որում, գյուղի բնակչության թվի նվազումը երեք անգամ բարձր է քաղաքայինից:
Ռուսների միջին տարիքը 39-ն է: Սա վկայում է բնակչության ծերացման մասին (2002 թվականին միջին տարիքը 37,7-ն էր):
Կանանց մասնաբաժինը շարունակում է դանդաղ աճել, նրանց թիվը 10,7 միլիոնով ավելի է տղամարդկանցից: Ամուսնական զույգերի թիվը 2002-ի համեմատ նվազել է մեկ միլիոնով և կազմում է 33 միլիոն, որի 13 տոկոսը ոչ պաշտոնական են: Դրան հակառակ աճել է ամուսնալուծությունների թիվը, նվազել է նաև մինչև 16 տարեկանն ամուսնացողների թիվը:
Ինչ վերաբերում է ազգային կազմին, ապա այստեղ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հրաժարվել են նշել իրենց ազգությունը: 2002 թվականի մարդահամարի տվյալների համեմատ, նրանց թիվը ավելացել է 2,7 տոկոսով և կազմել է 5,6 միլիոն մարդ:
Իրենց ռուս են համարում բնակչության 80,9 տոկոս: Բնակչության թվով երկրորդ տեղը զբաղեցնում են թաթարները` 3,87 տոկոս, երրորդ տեղը` ուկրաինացիները, սակայն թիվը կրճատվել է 2,05 մինչև 1,41 տոկոսը: Այնուհետև բաշկիները, չուվաշները, չեչենները, հայերը, ավարները, մորդովացիները և ղազախները: Այլ ազգերի համեմատ՝ չեչենների, հայերի և ավարների թիվը աճել է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մարդահամարը անցկացվել էր 2010 թվականի հոկտեմբերի 14-25-ը:








































