Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել է Սիրիայի վերաբերյալ բանաձև:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, փաստաթղթում ասվում է, որ դատապարտվում է հակամարտության մասնակիցների` ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ ընդդիմադիր շարժումների կողմից իրականացվող բռնությունը, ինչպես նաև անհանգստություն է հայտնվում Սիրիայի տարածք զենքի անօրինական մատակարարման կապակցությամբ:
Ինչպես նշում է ИТАР-ТАСС գործակալությունը, բացի դրանից, բանաձևը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Արաբական երկրների լիգայի գործողություններին և կոչ է անում իշխանություններին ու ընդդիմությանը քաղաքական երկխոսություն սկսել:
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով՝ փաստաթղթի տեքստը չի ենթադրում Դամասկոսի դեմ պատժամիջոցների կիրառում, քանի որ դրանք «անարդյունավետ են»:
Արևմտյան դիվամագետները, որոնք ցանկացել են մնալ անանուն, FP գործակալությանը հայտնել են, որ այս պահին տեքստը չի համարվում ընդունելի: Նրանց խոսքերով՝ Արևմուտքը դիմադրելու է «ընդդիմության բռնությունները կառավարության գործողությունների հետ նույն հարթակին դնելուն»: Այնուամենայնիվ նշել են, որ արևմտյան երկրները պատրաստ են փաստաթղթի նախագծի շուրջը հետագա բանակցություններին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ բանաձև ընդունեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին:








































