Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, անդրադառնալով ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի վերջերս ռուսական մամուլին տված հարցազրույցին՝ «ՀԺ»-ում գրում է.
«Բոլորիս կողմից սիրված «Ոսկե հորթը» ֆիլմի հերոս Օստապ Բենդերի «Ծերուկն անտանելի է դառնում» արտահայտությունը կրկնելու առիթ վերջերս հաճախ ենք ունենում:
Այդ հաճախականությունը պայմանավորված է մեր հայրենակից, աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի (այսուհետ՝ ծերուկ) անկանխատեսելի վարքով:
Ծերուկն աջուձախ հարցազրույցներ է տալիս իր հայրենի երկրի իշխանություններին անվանելով մաֆիոզ ու ցեղասպան: Եվ չնայած «Արմենպրես» գործակալությունը (իսկ ինձ թվում էր՝ սա վաղուց չկա) փութանակի հերքում է երկրորդ պիտակը՝ ասելով, թե իբր նման բան չի ասվել, բայց դատելով առաջին չհերքված հարցազրույցի բովանդակությունից` կարելի է ենթադրել, որ ծերուկն իսկապես, անտանելի է դարձել:
Այսինքն` ասելուց հետո է հիշել (կամ ինչ-որ մեկը թախանձագին հիշեցրել է), որ ինքն աշխարհահռչակ և շանսոնյե լինելուց զատ՝ նաև Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիայում:
Հիմա բոլորը կենտրոնացել են Ծերուկի ասած բառերի վրա (վայ, ցեղասպանություն)` ուշադրության չարժանացնելով առաջին հայացքից մանր մի դետալ:
Ինչո՞ւ է այս «դեզինֆորմացիան» դուրս պրծել հատկապես Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից: Կարո՞ղ էր Ծերուկը նման մտքեր «չհայտնել», ասենք, իտալացի կամ հունգարացի, չին կամ ղպտի լրագրողներին և «ապատեղեկատվությունը» թողնել անպատիժ:
Այսինքն` ռուսները Շառ Ազնավուրի նման մարդու խոսքը խեղաթյուրել կարող են միայն մեկ դեպքում, եթե ցանկանում են Հայաստանին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հասկացնել: Շառլ Ազնավուրն էլ այս թյուրիմացությունը կարող է չներել միայն մեկ դեպքում, եթե հաստատ գիտի, որ նման բան չի ասել:
Ասել է, թե՝ չի ասել. առանձնապես կարևոր չէ, որովհետև չասվածը երբեմն ասված հազար բառից էլ ճշմարիտ է: Իսկ, եթե դա ընդունվում է իբրև ստույգ գնահատական, կասկածի տեղ ընդանրապես չի մնում:
Ազնավուրի (ասած կամ չասած) խոսքի ճշմարտացիության ամենահավաստի ինդիկատորը մեր տեղական մտավորականների արձագանքն է:











































