«Առավոտ»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշել էր, որ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ով հայաստանյան հանրությանը ծանոթ է իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ.
«Ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում` Կամո Ավագումյանի և Գենադի Ստեփանյանի, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները: Իսկ մտերմության պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվել է Սմբատ Կարախանյանին ձերբակալել, ինչը տեղի չի ունեցել Կամո Ավագումյանի միջամտությամբ:
Սմբատ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը համարել է գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն, «որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ»:
«Ակնհայտ է, որ քրեա-օլիգարխիկ թալանչիների տեխնոլոգները պատրաստվում են ընտրություններին, բայց նման անլուրջ հնարքներով հաստատ կհայտնվեն կոտրած տաշտակի առջև»,-ավելացրել է Կարախանյանը:
Նա նույնիսկ ակնարկել է, որ հակակոռուպցիոն կենտրոնը, որտեղ աշխատում է նաև ինքը, հնարավոր է` առաջիկայում հանդես գա «Վիկիլիքս»-ին ոչ մի բանով չզիջող բացահայտումներով: Միայն այն տարբերությամբ, որ դրանք կարող են պաշտոնական լինել»:








































