Այսօր Facebook ընկերությունը մասնակիորեն սկսել է շահագործվել իր նոր տեսքով, որը կոչվում է Timeline: Կայքի նոր տեսքի շնորհիվ հնարավոր է դառնում նկարների, հղումների ողջ պատմությունն ավելի հասանելի դարձնել կայքն օգտագործողների համար:
Ինչպես գրում է The New York Times-ը, սա կարող է պատճառ դառնալ, որ կայքն օգտագործող ավելի քան 800 միլիոն մարդիկ միանգամից պարզեն, թե որքան անկարևոր բաներ են տեղադրում իրենց կայքում և համացանցում ընդհանրապես:
Այուամենայնիվ, կայքի նոր տեսքը հնարավոր կդարձնի վերապրել շատ հիշողություններ, բայց միևնույն ժամանակ՝ այն կարող է դժվարացնել հին նկարները թաքցնելը, որոնք կարող են սխալ պատկերացումներ ստեղծել անձի ներկայի վերաբերյալ:
Facebook-ում նախկինում հնարավոր էր տեսնել օգտատերերի ամենավերջին հղումները և վերջերս կայքում տեղադրած նկարներն ու տեսագրությունները, բայց նոր տեսքը հնարավորություն է ստեղծում տեսնել կայքն օգտագործողի նկարները, տեսագրությունները և մնացած ամեն ինչ՝ սկսած այն օրից, երբ նրանք առաջին անգամ գրանցվել են կայքում:
Ընկերության հիմնադիր և տնօրեն Մարկ Զուկերբերգը Timeline-ը ներկայացրել էր ընկերության սեպտեմբերին կայացած ամենամյա համաժողովի ժամանակ: Նա ներկայացրել էր տեսքը, որպես մի հնարավորություն, որը թույլ կտա կայքն օգտագործողի մասին ավելի ճիշտ պատկերացում կազմել, քան դա թույլ են տալիս նրա վերջերս տեղադրած նկարներն ու հղումները և գլխավոր նկարը։








































