Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Ժնևում տեղի է ունեցել Վրաստանի (Աբխազիա և Հարավային Օսիա) անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ բանակցությունների 18-րդ փուլը։ Դրանում ռուսական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, իսկ վրացականը՝ փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն։
Կողմերը դարձյալ չեն կարողացել պայմանավորվածության հանգել ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորություններ ստանձնելու հարցում։
Բանակցությունների ժամանակ Մոսկվան Թբիլիսիից պահանջել է ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագիր կնքել Սուխումի ու Ցխինվալի հետ։ Սակայն Թբիլիսին հրաժարվել է դա անել՝ պատճառաբանելով, որ իրենից անջատված այդ շրջանները չեն հանդիսանում հակամարտության ինքնուրույն կողմ, հետևաբար չեն կարող ստորագրել նմանատիպ համաձայնագիր։
Նշվում է, որ Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու 2012 թվականի մարտի 28-29-ը։ Այդ ժամկետը պայմանավորված է առաջիկա ընտրություններով. մարտի 4-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, մարտի 10-ին Աբխազիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և վերջապես մարտի 25-ին Հարավային Օսիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Դրանց մասնակցում են նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։











































