Ամերիկյան DigitalGlobe արբանյակային ընկերությունը նկարել է Չինաստանի բանակի առաջին ավիակիրը Դեղին ծովում իրականացրած փորձարկումների ժամանակ: Մինչ այժմ նավի նկարը, որը վերակառուցվել էր նախկին խորհրդային ծանր «Վարյագ» ավիակիր հածանավի հիմքով, մամուլում չի հայտնվել, իսկ նրա նորարացման և ծովում տեղաշարժվելու մասին տվյալները շատ աղքատիկ են: Որ նկարում հենց չինական ավիակիրն է՝ կասկածներ գրեթե չկան:
Ինչպես հաղորդում է ВВС-ն, DigitalGlobe վերլուծական կենտրոնի տնօրեն Սթիվեն Վուդի խոսքերով՝ նավը նկարվել է ընկերության ուղեծրային արբանյակներից մեկից դեկտեմբեր 8-ին Չինաստանի ափամերձ շրջանում` մոտ 100 կմ հարավ-արևելք Դալյան նավահանգստից, որտեղ կայանում է նավը:
Ավիակիրի փորձարկումները սկսվել էին օգոստոսին և շարունակվել են հինգ օր: Փորձարկումների երկրորդ փուլը ավարտվել է այս հանգստյան օրերին: Ինչպես նշում են չինական ԶԼՄ-ները, նավը վերադառնում է Դալյան նավահանգիստ երկշաբաթյա նավարկությունից հետո` հաջողությամբ իրականացնելով իր առջև դրված խնդիրները:
Նավի ծովային փորձարկումների լուրերը անհանգստացնում էին Ճապոնիային և Արևմուտքի երկրներին, հատկապես ԱՄՆ-ին` կապված Պեկինի ռազմական պոտենցիալի աճի հետ: Վաշինգտոնը անհանգստացած է, որ չինական բանակի վերջին ձեռքբերումը փոխելու է տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը, ինչը սպառնալիք է տարբեր երկրների անվտանգությանը:
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հերքում են ավիակիրի հնարավոր մասնակցությունը ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ նավը նախատեսված է ծովային հետազոտությունների և տախտակամածային ավիացիայի օդաչուներ նախապատրատելու համար, սակայն նշում են, որ Չինաստանի ղեկավարության նպատակը ռազմածովային հավասարակշռություն հաստատելն է:
Հայտնի չէ նաև, թե ավիակրի նորացման գործընթացը որ փուլում է գտնվում: Հայտնվում էր, որ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո ավիակրի վրա տեղադրվելու են J-15 տախտակամածային կործանիչներ, ծովային ավիացիայի JT-9 ուսումնավարժական ինքնաթիռներ և Z-8 ուղղաթիռներ:
Չինաստանի իշխանությունները երկար ժամանակ թաքցնում էին ավիակրի վրա փոփոխություններ կատարելու լուրը և պաշտոնապես հաստատել են այդ փաստը միայն 2011 թվական ամռանը: Մինչև հիմա ավիակիրը անուն չունի, այդ պատճառով չինական ԶԼՄ-ներում այն հիշատակվում է իբրև «Վարյագ»: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նավը ստացել է Shi Lang անունը, սակայն Չինաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը:









































