Դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի կունենա առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը՝ «Կենսաթոշակային բարեփոխումները մեկ տարեկան են» խորագրով: «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ նման համաժողովներն ամենամյա են լինելու:
2011 թ. առաջին համաժողովը հնարավորություն կտա ամփոփել մինչ այժմ, մասնավորապես վերջին մեկ տարվա ընթացքում արվածը և նախանշել կարևորագույն քայլերը 2012 թվականի համար: Հիմնականում կներկայացվեն 2010 թ. դեկտեմբերին ընդունված՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող շուրջ 50 օրենքների կիրարկումն ապահովելու ուղղությամբ վերջին 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել համակարգի ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ձևավորմանը: Կներկայացվի նոր՝ «Էլ.կենսաթոշակ» համակարգը, որով լուծումներ են տրվում նախընթաց ժամանակահատվածում արձանագրված խնդիրներին։ Մասնավորապես՝ ձևավորված կենսաթոշակառուների կենտրոնացված միասնական տեղեկատվական շտեմարանը, դրա գործառույթները, առկա կոռուպցիոն ռիսկերի և մարդկային գործոնի նվազեցումը՝ կենսաթոշակ նշանակելիս, հաշվարկելիս և վճարելիս: Կներկայացվեն նաև մյուս գործիքները, ինչպես օրինակ «թեժ գիծ» ծառայությունը և այլն:
Հաջորդ միջոցառումը կկազմակերպվի 2012 թ. դեկտեմբերին` նույնպես նախորդ տարվա ամփոփիչ և հաջորդ տարին նախանշող դրույթներով, իսկ 2013 թ. դեկտեմբերին տեղի կունենա եռամյա գործունեության վերջնական ամփոփումը և նոր ձևավորված` լիցենզավորված ակտիվների կառավարիչների շնորհանդեսը:
3-րդ միջոցառումը նաև կազդարարի, որ մի քանի օր անց սկսելու է գործել պարտադիր կուտակային համակարգը:










































