Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան որոշել է «քաղաքական դեսանտ» ուղարկել Ֆրանսիա, որի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին քննարկելու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Թուրքական պատվիրակությունը գլխավորելու է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Վոլքան Բոզքըրը։
Պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Թուրքիայի ԱԳՆ-ն և ԹԱՄԺ-ի նախագահը Ֆրանսիային զգուշացրել էին, որ այդ օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա։








































